12:32 | 16.05.23 | Նորություններ | 1959
Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին` բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու եւ միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով։
«Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների եւ գիտնականների։
Համաժողովի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները եւ մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձը ամբողջ աշխարհում»,- ասված է Team Telecom Armenia-ի հաղորդագրությունում։
Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ իրենց համար կարեւոր է աջակցությունն այնպիսի գիտական նախաձեռնությունների, որոնք Հայաստան են բերում միջազգային փորձը, ամենավերջին հետազոտություններն ու տեխնոլոգիաները․
«Այս համաժողովը եւս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ դարի հիվանդության՝ քաղցկեղի կանխարգելման համար յուրաքանչյուրս կարող ենք ունենալ ներդրում»։
Մայիսի 18-21-ն անցկացվող համաժողովի ընթացքում քննարկվելու են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման եւ բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային եւ վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական եւ արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, լինելու են առանձին սիմպոզիումներ եւ սեմինար-քննարկումներ արդի ամենակարեւոր ուղղությունների վերաբերյալ։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական եւ դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաեւ այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։
SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանն ասել է, որ Կոնգրեսը տարվա կարեւորագույն բժշկագիտական միջոցառումն է, որը կնպաստի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի տեսանելիության բարձրացմանը․
«Հյուրընկալելու ենք ոլորտի առաջատար կառույցների ու բուհերի ղեկավարների, ինչը եւս մեկ հնարավորություն է ներկայանալու միջազգային հանրությանը որպես լավագույն մասնագետներ եւ ներուժ ունեցող երկիր։ Ողջունելի է՝ այս պատասխանատու գործին իրենց մասնակցությունն են ունենում գաղափարակից ընկերություններ, ի դեմս Team Telecom Armenia-ի, որոնք կիսում են մեր կարգախոսը՝ «Միասին քաղցկեղի դեմ»»։
Միջոցառման մանրամասները եւ ծրագիրը ներկայացված են www.siopasia2023.am կայքում։