14:48 | 03.05.23 | Նորություններ | 6705

Վիվա-ՄՏՍ-ը Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրել

Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ծրագրով Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն են ներդրել։

Այս նվիրատվության արդյունքում 15 ֆերմերի տնտեսության պահպանման հարց կլուծվի: Արեւային էներգիայով սնվող 15 համակարգ է տրամադրվել Եղեգիս (7), Արենի (4) եւ Վայք (4) համայնքներին:

«Մենք պետք է ոչ թե բավարարվենք Հայաստանն արեւի երկիր անվանելով, այլեւ օգտվենք այդ կարեւորագույն ռեսուրսից: Հատկապես հիմա, երբ աշխարհի զարգացման հիմքում մեծ տեղ է հատկացվում արեւային էներգիայով տեխնոլոգիաների արդիականացմանը: Այս ծրագրի հիմքում կա հետեւյալ տրամաբանությունը. եթե տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կարգավորել բնության հետ հաշտ ապրելու մեխանիզմը, ապա անհրաժեշտ է հնարավորինս օգտվել դրանից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Սարքավորումների արդյունավետությունն առավելապես ընդգծվում է հատկապես բնակավայրերից հեռու գտնվող արոտների դեպքում։ Այժմ համագյուղացիները մեկ «էլեկտրական հովիվով» կարողանում են պաշտպանել մի քանի տնտեսություն։

Անցնելով «էլեկտրական հովվի» օգտագործման հատուկ դասընթաց՝ ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 7500 մ2 տարածք: Համակարգը բաղկացած է արեւային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից եւ արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300-գծամետր ցանկապատից: