15:36 | 17.04.23 | Նորություններ | 1580
ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2022 թվականի կատարողականը, որտեղ ամփոփված են ՏՀՏ ոլորտի նախորդ տարվա ակտիվությունն ու ցուցանիշները։
Ներկայացնում ենք հրապարակված պաշտոնական տվյալները։
2022 թվականի ընթացքում ՏՀՏ ոլորտի շրջանառությունը հասել է շուրջ 570 մլրդ ՀՀ դրամի՝ 2021 թվականի համեմատ աճելով 65%-ով: Այդ թվում՝ ՏՏ ծառայությունները 2018-2022 թվականների ընթացքում շուրջ 87 մլրդ ՀՀ դրամից աճել են մինչեւ շուրջ 295 մլրդ ՀՀ դրամի՝ արձանագրելով 239% աճ:
2022 թվականի մայիսի 25-ին ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space-X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը՝ Արմսաթ1-ը (ArmSat)։ Կառավարման կենտրոնի սարքավորումներն արդեն ՀՀ-ում են եւ ներկայում կատարվում են ինստալացման աշխատանքները։
ՏՏ ոլորտում 2018 թվականի դրությամբ գործունեություն է իրականացրել 828 ընկերություն, որոնցում աշխատակիցների թիվը կազմել է՝ 9978: 2018-2022 թվականների ընթացքում գրանցվել է ոլորտի ընկերությունների եւ ոլորտի աշխատակիցների շոշափելի աճ, մասնավորապես, 2022 թվականին գործել է 3385 ընկերություն, որոնց աշխատակիցների թիվը կազմել է 20617:
2018-2022 թվականների ընթացքում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների քանակն ավելացել է ավելի քան 308%-ով, իսկ դրանցում աշխատակիցների թիվը՝ ավելի քան 106%-ով:
2022 թվականին հաստատվել է պետական աջակցության ծրագիր, որով ՏՏ ոլորտի առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է աջակցություն՝ նոր աշխատակիցների մասով վճարված եկամտային հարկի հանրագումարի 50%-ի չափով: Ծրագրով աջակցություն է ստացել 30 կազմակերպություն, աջակցության ընդհանուր գումարը 2022 թվականի ընթացքում կազմել է շուրջ 3,6 մլրդ ՀՀ դրամ:
Նշվում է, որ «Ինժեներական քաղաքի» տարածքի բարեկարգման եւ ենթակառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են. 11 ընկերություն ստացել է ռեզիդենտի կարգավիճակ եւ հնարավորություն այդ տարածքներում գրասենյակային-արտադրական շինություններ կառուցելու:
Հարկային արտոնություն է ստացել ոլորտի 1430 կազմակերպություն:
«Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի առաջին՝ «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել 18 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:
Ծրագրի երկրորդ՝ «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի հայտերի գնահատման արդյունքներով մրցույթում հաղթող է ճանաչվել 13 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչեւ 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:
2022 թվականին 770 մլն ՀՀ դրամի շրջանակում կառուցվել է գլխավոր կայանը եւ 1 ստացիոնար չսպասարկվող կայան, ինչպես նաեւ մատակարարվել են 1 շարժական կայանի համար պահանջվող տեխնիկական միջոցները: Արդյունքում հնարավորություն է ընձեռվել ապահովելու Երեւանի կենտրոնական մասի շուրջօրյա ռադիոդիտարկում:
2022 թվականի ընթացքում ռազմարդյունաբերական ոլորտին պետությունը հատկացրել է շուրջ 5,2 մլրդ դրամ: 2023 թվականի համար պետության հատկացումը կազմելու է շուրջ 6,8 մլրդ ՀՀ դրամ:
Ինչ վերաբերում է հեռահաղորդակցությանը, ապա 2022 թվականի դրությամբ Հայաստանի բոլոր բնակավայրերն ապահովված են հանրային շարժական կապի 2G, 3G եւ 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիաների ծածկույթներով։
Հայաստանի բնակավայրերում 2 օպերատորի փոխադարձ ներթափանցելի հանրային շարժական կապի 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիայի ծածկույթը կազմել է 91% (911 բնակավայր)։
Հայաստանի 628 (62,7%) բնակավայրում հասանելի են լայնաշերտ ինտերնետի լարային տեխնոլոգիաների ծառայությունները, այդ թվում՝ 565 բնակավայրում հասանելի են FTTx տեխնոլոգիայի վրա հիմնված լայնաշերտ օպտիկամանրաթելային ցանցերը, որոնք ընդգրկում են բնակչության շուրջ 96,5%-ը: