13:53 | 17.04.23 | Նորություններ | 6597

Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին

Կանանց միամսյակի կապակցությամբ Վիվա-ՄՏՍ ընկերությունը ներկայացրել է «Կինը․․․» նախագիծը, որը ներառում է հինգ պատմություն հինգ հաջողակ կնոջ մասին։
 
Նախագծի հերոսուհիները պատմում են իրենց երազանքների մասին, այն մասին, թե ինչպես են հիմնել եւ զարգացրել իրենց բիզնեսը, ինչպես են հաղթահարում խոչընդոտները եւ ինչ հաջողությունների են հասել:

Ընկերությունից հայտնել են, որ նախագծի առաջնային նպատակն էր ոգեշնչել հայ կանանց՝ ստեղծագործելու ու առաջ շարժվելու, եթե կա սեփական բիզնեսը հիմնելու գաղափար ու ցանկություն:

Առաջին պատմության հերոսուհին երգչուհի, «Մախմուր» ձեռագործ պայուսակների բրենդի հիմնադիր Արփին է: «Մախմուր աղջիկ» երգը (հեղինակ՝ Խաչատուր Ավետիսյան) երգչուհու կատարմամբ նոր շունչ ստացավ եւ արդյունքում ստեղծվեց մի բիզնես, որով այսօր լցվում է Արփիի կյանքը։ «Այսօր կինը շատ մեծ տեղ ունի ժամանակակից աշխարհում եւ նա պետք է տեսնի, թե ինչն է իրեն էներգիա տալիս, ինչից է այն քաղում, ստանում, որովհետեւ նա դա տալու է դիմացինին»,- ասում է Արփին։



Երկրորդ պատմության հերոսուհին Լինա Գագիկյանն է՝ «Piafchik Handmade» ձեռագործ զարդերի բրենդի հիմնադիրը: Բրենդն առաջարկում է ազգային մոտիվներով արույրից (լատունից) զարդեր, որոնց նպատակը ոչ միայն նորաձեւության մաս լինելն է, այլեւ՝ կրել յուրօրինակ սիմվոլիկա, որը խորհրդանշում է հային, հայկական ավանդույթներն ու խորհուրդները։ Լինան երազում է «Piafchik»-ը տեսնել միջազգային նորաձեւության բեմերում, որով կարող է ճանաչելի դարձնել հայկական մշակութային տարրերը։



Հաջորդ տեսանյութը պատմում է «CarolinaArt»-ի հիմնադիր, նկարչուհի Կարոլինա Մարկոսյանի մասին։ Նա նկարում է կերամիկայի եւ ապակու վրա՝ օգտագործելով հայկական ավանդական գորգանախշերն ու թռչնագրերը, պահպանում հայկական նկարչական արվեստին բնորոշ բոլոր գույները եւ համադրությունները, ինչպես նաեւ ստանում նոր երանգներ եւ նոր շունչ տալիս նկարչությանը։ Կարոլինան նաեւ նվերներ է պատրաստել Հոլիվուդի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության համար՝ 8 օրում նկարելով 95 թեյնիկ։ «Մեր հայ կանայք բոլորը բազմաշնորհ են։ Կինը պետք է ինքնաբավ լինի։ Կապ չունի՝ աշխատում է, հոգս ունի, տանը գործեր ունի, երեխաներ, ամուսին։ Մարդ պետք է իր սիրելի գործով զբաղվի, որ դառնա ինքնաբավ, իսկ ինքնաբավ մարդը միշտ լինում է բարի եւ վատ բան երբեք չի անում»,- ասում է նա:



Չորրորդ պատմության հերոսուհին Ալավերդիում գործող «Իրիս» հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանն է, որը հայկական հյուրընկալությամբ ու մեծագույն սիրով բազմաթիվ զբոսաշրջիկների ցույց է տալիս Հայաստանի գեղեցկությունը: Քսանյոթ տարվա մանկավարժական գործունեությունից հետո սկսել է անգլերեն սովորել, յուրացնում է թվային մարքեթինգը, քանի որ իր համար «ուշ» հասկացություն չկա։ Թվում է՝ արտասահմանցին ամեն ինչ ունի, ամեն ինչ տեսել է, բայց հերոսուհին ամեն օր հիացական խոսքեր է լսում Հայաստանի եւ հայերի նիստուկացի մասին, հայկական սովորույթների մասին։ «Հայ կինն ի սկզբանե ուժեղ է իր բնույթով, իր գենետիկայով։ Ոչ մի ազգ չգիտեմ, որտեղ հայ կնոջից շատ տղամարդու կողքին կանգնած ու պայքարած կին լինի։ Ֆրանսիան մի Ժաննա դ՛Արկ ունի, արձան է կանգնեցվել, բայց Հայաստանում այդքան արձան չի տեղավորվի,- ասում է Իրինա Իսրայելյանը:



Եզրափակող տեսանյութի հերոսուհին լուսանկարիչ Անիտա Մատինյանն է, որի ֆոտոստուդիան զբաղվում է հատկապես նորածինների լուսանկարմամբ: Ինչպես Անիտան է ասում, եթե կա նպատակ, ուրեմն, անպայման, պետք է գնալ դրա հետեւից: Նա վստահ է՝ մայրությունն իր համար նախեւառաջ ինքնաբացահայտում է, որովհետեւ միայն մայր լինելուց հետո ես հասկանում, թե որքան ուժեղ ես։ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր կին ունի շատ մեծ պոտենցիալ, որ կարող է շատ բան տալ աշխարհին, ու եթե ունի նպատակներ, գաղափարներ, բիզնես իդեաներ, բայց ունի դրանք իրականացնելու մտավախություններ, անպայման պետք է անի այդ համարձակ քայլը, թռիչք կատարի դեպի առաջ՝ դեպի նպատակներ»,- ասում է Անիտան:



Բոլոր տեսանյութերը հասանելի են ընկերության ֆեյսբուքյան էջում եւ յութուբյան ալիքներում: