16:23 | 03.04.23 | Նորություններ | 8418
Բիգրաֆի ընկերությունը մեկնարկում է իր առաջնային պրոդուկտի՝ BeeGraphy Խմբագրիչի նոր տարբերակի բետա թեստավորման փուլը։
Խմբագրիչը առցանց 3D պարամետրիկ մոդելավորման ծրագրաշար է, որը թույլ է տալիս ստեղծել 2D եւ 3D մոդելներ՝ օգտագործելով վիզուալ ծրագրավորման մոտեցումը: Գտնվելով ամպային միջավայրում, այն հնարավորություն է տալիս մասնագետներին մուտք գործել աշխատանքային միջավայր ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրից:
Համագործակցության գործառույթը թույլ է տալիս օպտիմալացնել հեռավար համատեղ աշխատանքի ողջ գործընթացը՝ իրական ժամանակում պարամետրիկ ֆայլերի փոխանակումը (sharing), բազմակի օգտվողների կողմից խմբագրումները, համատեղ որոշումների ընդունումը եւ այլն:
Խմբագրիչի գործիքակազմը թույլ է տալիս ստեղծել բարդ հաշվողական մոդելներ, որոնք կարող են օգտագործվել 3D տպագրության, CNC արտադրության (թվային կառավարմամաբ հաստոցներ), ճարտարապետական եւ արդյունաբերական նախագծման համար:
Տեւական ժամանակ մշակելով եւ կատարելագործելով ծրագրաշարը՝ Բիգրաֆին այժմ անցնում է թեստավորման բետա փուլին, որի նպատակն է հանրային փորձարկումը եւ հետադարձ կապը օգտագործողների հետ։
Թեստավորման ընթացքում՝ այս տարվա ապրիլի 1-ից 3D մոդելավորողները, դիզայներները, ինժեներները, CAD ինդուստրիայի այլ մասնագետներ հասանելիություն կստանան Խմբագրիչի ողջ գործիքակազմին՝ անվճար փորձարկման եւ օգտագործման համար։
BeeGraphy խմբագրիչն աշխատում է բոլոր օպերացիոն համակարգերում, այդ թվում Windows, Mac, Linux, մոտ ապագայում այն համատեղելի կլինի նաեւ պլանշետների հետ:
Բիգրաֆի ստարտափը հիմնադրվել է 2021 թ-ին մի խումբ ինժեներների, մաթեմատիկոսների եւ դիզայներների կողմից, որի նպատակն է ստեղծել եւ առցանց կիրառել պարամետրիկ մոդելավորման նորարարական լուծումներ։