14:10 | 31.03.23 | Նորություններ | 8115

FAST-ի Generation AI ծրագիրը պատրաստ է գործարկման

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)  Generation AI ծրագիրը պատրաստ է գործարկման եւ շուտով կբացվի հայտերի ընդունումը դպրոցներից, հայտնել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

«Մենք կսկսենք տասը դպրոցից, եւ ես վստահ եմ, որ փորձնական փուլից հետո ծրագրի ընդլայնումը մեր երեխաներին ապագա հնարավորությունների մի ամբողջ նոր աշխարհ կապահովի: Սա կխթանի նրանց կիրքը արհեստական բանականության հետազոտության եւ դրա հիմքում ընկած սկզբունքների եւ կիրառությունների ընկալման նկատմամբ:

Մեր վերջնական նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես AI հիմնարար եւ կիրառական հետազոտողների համար գլոբալ կենտրոն, եւ Generation AI-ն այս ճանապարհի կարեւոր նախապայմանն է»,- գրել է Արմեն Օրուջյանը։  

«Արհեստական բանականության սերունդ» (Generation AI) ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար, որը հնարավորություն կտա նրանց ուսումնասիրել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման եւ խորը ուսուցման հիմունքներին հենց դպրոցում։

Նախատեսվում է 3 տարվա փորձնական ծրագիրը ներդնել Հայաստանի 10 դպրոցում, որն իր ազդեցությունը կտարածի ավելի քան 450 աշակերտի վրա, ինչպես նաեւ 30-ից ավելի  ուսուցիչ եւ ոլորտի մասնագետ կվերապատրաաստվի։