12:37 | 14.03.23 | Նորություններ | 1913

Հայտնի են Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները

Երեւանի պետական համալսարանում անցկացվել է «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող են ճանաչվել երեքը:

Ավագ տարիքային խմբում (10-12-րդ դաս․) առաջին տեղը գրավել է Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը։

Կրտսեր տարիքային խմբում (7-9-րդ դաս․) առաջին տեղը զբաղեցրել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը եւ «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը:

Նշենք, որ հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ ԿԳՄՍՆ-ի կողմից:

Դիպլոմակիր աշակերտներից ձեւավորվելու է ընտրական խումբ, որի հետ անցկացվելու են մասնագիտական պարապմունքներ, կազմակերպվելու են մրցույթներ։ Խմբում իրենց լավագույնս դրսեւորած աշակերտները կմասնակցեն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային։

Հավելենք, որ ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը տարիներ շարունակ համակարգում է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: