14:17 | 20.02.23 | Նորություններ | 980
Կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող Check Point Research-ը բացահայտել է հայաստանյան թիրախների դեմ ադրբեջանական կիբերհարձակումը՝ հրապարակելով ամիսներ տեւած աշխատանքի մանրամասները։ Այս միջազգային հետաքննությանը ներգրավված էր նաեւ CyberHUB-ը։
CyberHUB-ից տեղեկացնում են, որ իսրայելացի մասնագետների ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանի դեմ կիրառված լրտեսական ծրագիրը (Auto-IT based malware) նախկինում հիմնականում օգտագործվել է թիրախավորելու անձանց եւ կազմակերպությունների, որոնցով հետաքրքրվել են Ադրբեջանի իշխանությունները։ Ընդ որում, ծրագիրը շարունակաբար թարմացվել եւ լրամշակվել է անցած 7 տարվա ընթացքում:
«Այս անգամ հարեւան երկրից թիրախավորել էին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին եւ ԱրցախԲանկին։ Բլոգերն Արցախ այցելելու համար 2016թ․-ին ձերբակալվեց Բելառուսում, եւ Բաքվի պահանջով արտահանձնվեց Ադրբեջան։ Ադրբեջանական բանտում մնալուց հետո Լապշինն ազատ արձակվեց եւ իր ազատազրկման համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահեց պաշտոնական Բաքվի դեմ ներկայացրած հայցը։ Ադրբեջանը պարտավորվել էր որպես փոխհատուցում բլոգերին վճարել 30 հազար եվրո։ ՄԻԵԴ-ի որոշումից հետո Լապշինը հրապարակեց ԱրցախԲանկի՝ իր քարտի լուսանկարը, ուր պետք է փոխանցվեին ադրբեջանական եվրոները։
Ե՛վ Check Point Research-ում, եւ՛ CyberHUB.Am-ի թիմը եւ Ալեքսանդր Լապշինը կարծում են, որ հայաստանյան բանկի դեմ իրականացված կիբերհարձակման պատճառը հենց վերոնշյալն է։
Մեր ունեցած տեղեկություններով՝ հարձակվողները Հայաստանում թիրախավորել են նաեւ այլ անձանց ու կազմակերպությունների։ CyberHUB-ի թիմը փնտրում է այս հարձակման այլ տուժողների»,-ասվում է CyberHUB-ի տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ Check Point Research-ը մոտ երեսնամյա պատմություն ունեցող, Թել Ավիվում եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Կարլոս քաղաքում կենտրոնակայաններ ունեցող կիբերանվտանգությամբ զբաղվող խոշոր ընկերություն է։