15:56 | 15.02.23 | Նորություններ | 1541

Հնդկաստանում մեկնարկել է SSSholidays India Vizag միջոցառումը

Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում մեկնարկել է SSSholidays India Vizag միջոցառումը։

Այս անգամ Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն է Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը։

Միջոցառումն անցկացվում է փետրվարի 13-18-ը, որին մասնակցում են ձեռներեցներ եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից եւ Հնդկաստանից, այլեւ աշխարհի տարբեր երկրներից։

SSSholidays India Vizag միջոցառմանը մասնակցում են ոչ միայն ստարտափ ընկերությունները, այլեւ ոլորտով հետաքրքրված անհատներ եւ այլ կազմակերպություններ։

Միջոցառման վերջին օրերին կանցկացվեն ստարտափների մրցույթներ։ Մրցանակային նախնական ֆոնդը կազմում է շուրջ $35.000: Բացի դրամաշնորհային մրցանակներից, մասնակից ստարտափների համար բացվելու են ներդրումների եւ աքսելերացիոն ծրագրերի մեջ ներգրավվելու հնարավորություններ հայկական եւ հնդկական ֆոնդերի կողմից։

Դեռեւս 2020 թվականին Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից մշակված այս նոր ձեւաչափն առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է 2021թ.  դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռեւս 2016թ.-ից։

2016-2021 թվականներին Հայաստանում եւ արտերկրում անցկացված 7 սամիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություն, բանախոսներ, մենտորներ եւ ներդրողներ ավելի քան 50 երկրից։

Միջոցառման շրջանակում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են $4 մլն-ը։