15:00 | 15.02.23 | Նորություններ | 1340

Amazon-ի ռոբոտ տաքսին 1-ին անգամ ուղեւորներ է փոխադրել հանրային ճանապարհով

Amazon-ին պատկանող Zoox ստարտափի արտադրած լիովին ինքնավար միկրոավտոբուսն առաջին անգամ ուղեւորներ է տեղափոխել հանրային ճանապարհով: Ռոբոտ տաքսին չունի ո՛չ ղեկ,, ոչ էլ ոտնակներ։

Ինքնավար էլեկտրամեքենայի փորձարկումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ֆոսթեր Սիթի քաղաքում՝ Zoox-ի երկու հիմնական շենքերի միջեւ ընկած ճանապարհահատվածում, գրում է The Verge-ը։ Էլեկտրական մեքենան ընկերության աշխատակիցներին տեղափոխել է 1,6 կմ երկարությամբ ճանապարհով։

Միկրոավտոբուսն այս երթուղով կանոնավոր կերպով կփոխադրի ընկերության անձնակազմին մինչեւ Zoox-ը ստանա լրացուցիչ կարգավորող թույլտվություններ՝ հանրությանը ինքնավար տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար:

Zoox-ը առանց վարորդի ինքնակառավարվող մեքենաները փորձարկելու թույլտվություն է ստացել 2020 թ․։ Ռոբոտ տաքսի փորձարկելու համար ընկերությանն անհրաժեշտ է լրացուցիչ թույլտվություն ստանալ։