12:57 | 26.01.23 | Նորություններ | 2084

Պորտուգալիայում կբացվի Թումո կենտրոն

Պորտուգալիայում կբացվի առաջին Թումո կենտրոնը երկրի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, որտեղ նաեւ գտնվում է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։

Կենտրոնը կլինի քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։

Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդի ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղությամբ՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական դիզայն, ֆիլմերի ստեղծում։ Կենտրոնը ուսանողների համար իր դռները կբացի 2023-ի երկրորդ եռամսյակում։

«Հաջորդ սերնդին թվային տնտեսությանը նախապատրաստելու կառուցվածքային անհրաժեշտություն կա։ Տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում արտադպրոցական կրթությունը հիմնականում սահմանափակված է փոքր խմբերով եւ մասնավոր պարապմունքներով. այն անվճար եւ հասանելի դարձնելը հավասար հնարավորություններ կընձեռի բոլորին։ Թումոյի կրթությունը պարզ եւ հասանելի է։ Այն արդյունավետ է արագ եւ լայնածավալ ներգործության ապահովելու համար»,- նշել է Թումոյի գործընկեր Shaken not Stirred հարթակի հիմնադիր Պեդրո Սանտա Կլարան հունվարի 25-ին` ծրագրի հովանավորների եւ գործընկերների հետ հուշագրի ստորագրման ժամանակ:

photo © TUMO


Պորտուգալացի գործընկերները հայտարարել են, որ եկող տարիների ընթացքում ակնկալում են նոր կենտրոններ բացել երկրով մեկ։ Թումոյի հիմնադրումը Պորտուգալիայում տեխնոլոգիական եւ կրթական համայնքների միավորման եւ համագործակցության հիանալի օրինակ է. ծրագրի աջակիցները, ձեռնարկատերերը եւ հիմնադիրները միասնաբար շուրջ 7 միլիոն եվրո են ներդրել ծրագրի գործարկման համար։

«Երբ նախնական հանդիպումների համար այցելեցինք Պորտուգալիա, շատ ոգեւորվեցինք այս նախագծով, քանի որ տեսանք երկրի մեծ ներուժը, որը զուգակցված էր տեխնոլոգիական համայնքի աջակցությամբ եւ պատանիների` թվային ոլորտում հաջողելու պատրաստակամությամբ։ Եվ հենց այսօրվա պատանիներն են, որ գալիք տասնամյակներում կկերտեն ապագան։ Կարծում ենք` ճիշտ ժամանակն է ներդրում անել Պորտուգալիայի երիտասարդների կրթության մեջ»- նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։
 
Վերջին հինգ տարիների ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Եվրոպայում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում եւ այլ վայրերում։ Հաջորդ կենտրոնը կբացվի Լոս Անջելեսում` Կալիֆոռնիայի նահանգի ֆինանսավորմամբ եւ Լոս Անջելես քաղաքի հետ համագործակցությամբ։ 2023-ին ծրագիրը զգալիորեն կընդլայնի իր ցանցը Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Քննարկումներ են նաեւ ընթանում Իտալիայում կենտրոն բացելու շուրջ։