15:59 | 16.01.23 | Նորություններ | 1843
Սինոփսիս Արմենիան ամփոփել է 2022-ին բուհերի հետ համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագրերի արդյունքները։
18 տարի է, ինչ Սինոփսիս ընկերությունը Հայաստանում իրականացնում է «Բուհ-արտադրություն» կրթական մոդելը՝ համագործակցելով Հայաստանի առաջատար բուհերի հետ՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում ունեցող ծրագրավորողներ եւ ճարտարագետներ պատրաստելու նպատակով։
«Ընթացիկ ուսումնական տարվա սկզբից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերը Սինոփսիսի կրթական ծրագրի 81 ուսանող ընդունվել է աշխատանքի, որոնցից 39-ը՝ լրիվ դրույքով աշխատող, 25-ը՝ որպես լրիվ դրույքով փորձնակ եւ 17-ը՝ կես դրույքով փորձնակ։ Նրանց մի մասը բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող է. նրանք ընդգրկվել են Սինոփսիսի կրթական ծրագրում 2022/2023 ուսումնական տարվա սեպտեմբերին մեր գործընկեր համալսարաններից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Երեւանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայ-ռուսական համալսարանից (ՀՌՀ) եւ Հայաստանի Եվրոպական համալսարանից (ՀԵՀ)», - ամփոփելով անցյալ ուսումնական տարին՝ նշել է Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Թղթակից անդամ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։
Նշված 81 ուսանողից 9-ը սովորում է Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) մասնագիտությամբ՝ ստանալով ծրագրավորողի մասնագիտություն ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման համար նախատեսված ծրագրերի ստեղծման համար, իսկ 72-ը սովորում է ինտեգրալ սխեմաների նախագծման մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետի մասնագիտություն՝ այդ ծրագրերի կիրառմամբ ինտեգրալ սխեմաների նախագծման համար։
Սինոփսիսի կրթական ծրագրի ուսանողները նաեւ հմտանում են Սինոփսիսի Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ժամանակակից ծրագրային փաթեթների օգտագործման մեջ, քանի որ դրանք հասանելի են ուսումնական գործընթացում, ինչպես նաեւ նրանց համար հասանելի են համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված եւ օգտագործվող համապարփակ ուսումնական նյութերը։
Ուսանողների համար նաեւ կազմակերպվում են հրավիրված դասախոսություններ աշխարհի նշանավոր գիտնականների եւ ոլորտի ճանաչված մասնագետների մասնակցությամբ։
Ընկերությունից հայտնում են, որ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտն ավարտել է ավելի քան 1200 շրջանավարտ, որոնց 77 %-ն ընդունվել է Սինոփսիս Արմենիա, իսկ մնացածը՝ ՏՀՏ ոլորտի այլ ընկերություններ։ Սինոփսիս Արմենիայի աշխատողների 62%-ը Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի շրջանավարտ է։
2019 թվականին Սինոփսիսն ընդլայնել է գործունեությունը Հայաստանում՝ մտնելով Գյումրի եւ սկսելով իր համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հետ։ Այսօր այդ համատեղ կրթական ծրագրով սովորում է 43 ուսանող: Ծրագրի շրջանավարտներից եւ ուսանողներից 38-ն արդեն աշխատում է Սինոփսիս Արմենիայի Գյումրու մասնաճյուղում՝ ներդրում ունենալով ընկերության գլոբալ հաջողության մեջ։