14:43 | 05.01.23 | Նորություններ | 2246

Apple-ը ծրագրում է թողարկել էժան անլար ականջակալներ

Apple-ը վաճառում է չորս AirPods՝ երկրորդ սերնդի ականջակալներից մինչեւ AirPods Max ականջակալներ, բայց այս մոդելները բյուջետային չեն: Ըստ Haitong Intl Tech Research-ի վերլուծաբան Ջեֆ Պուի, Apple-ը մշակում է AirPods Lite-ը, որ մրցակցելու է շուկայում առկա բյուջետային ականջակալների հետ։

Նա նաեւ նշում է, որ 2023-ին ակնկալում է AirPods-ի առաքումների նվազում՝ 73 միլիոն միավորից մինչեւ 63 միլիոն: Պատճառը AirPods 3-ի նկատմամբ թույլ հետաքրքրությունն է, ինչպես նաեւ 2023 թվականի շարքում նոր AirPods-ի բացակայությունը:

Վերլուծաբանը չի ներկայացնում, թե ինչպիսին է լինելու AirPods Lite-ը, միայն նշում է, որ դրանք կլինեն ամենաէժանը եւ կմրցակցեն այլ արտադրողների էժան մոդելների հետ։ Սա նշանակում է, որ պետք է ակնկալել AirPods 2-ի գնից՝ 129 դոլարից ցածր գին։

Չի բացառվում, որ Lite-ը հիմնված լինի երկրորդ սերնդի AirPods-ի վրա։ Բացի այդ, Apple-ը կարող է ընդհանրապես նոր մոդել չթողարկել, այլ պարզապես մեկ անգամ եւս նվազեցնել AirPods 2-ի գինը, օրինակ՝ մինչեւ 99 դոլար։ Ընկերության համար դա ավելի էժան կլինի, քան բոլորովին նոր արտադրանք մշակելը եւ արտադրելը։