16:48 | 30.11.22 | Հոդվածներ | exclusive 9474

Profound Academy. Ծրագրավորում սովորելու հայկական հարթակ

Profound Academy-ն կրթական հարթակ է, որն ապահովում է հարմարեցված դասընթացներ համակարգչային գիտության (Computer science) թեմաների գործնական ուսուցման համար: Դասընթացը գործնական է եւ ինտերակտիվ, առաջընթացի միակ միջոցը տարբեր խնդիրներ լուծելն է։

Մարտին Միրաքյանի մշակած հարթակն արդեն ներդրվել է «Այբ» դպրոցում ավագ դասարանի աշակերտներին ծրագրավորում սովորեցնելու նպատակով: Ստարտափը համագործակցում է Bright Minds նախաձեռնության հետ, որի շրջանակում մարզերում օլիմպիական խմբակներում խորացված ծրագրավորում է դասավանդվում։ Profound Academy-ի միջոցով ծրագրավորման լեզուներ է սովորում արդեն 1000-ից ավելի ուսանող։

iTel.am-ը ստարտափի հիմնադիր Մարտին Միրաքյանի հետ զրուցել է Profound Academy-ի ստեղծման ու ծրագրերի մասին։

Facebook-ի աշխատանքի հրավերը մերժելն ու Profound Academy-ի ստեղծումը

Տեխնոլոգիաներով հետաքրքրվել եմ «Այբ» դպրոց ընդունվելու ժամանակ։ 10-րդ դասարանում «Այբի» միջավայրը տրամադրող էր, սկսեցի պարապել ու մասնակցել ծրագրավորման միջազգային օլիմպիադաների։ Այնուհետեւ ընդունվեցի Picsart, որտեղ մեքենայական ուսուցմամբ էի զբաղվում, աշխատել եմ նաեւ YerevaNN-ում։

Այս ընթացքում նաեւ Facebook-ում երկու անգամ ինտերնշիփ եմ անցել ու աշխատանքի հրավեր ստացել, բայց մերժել եմ: Որոշեցի մագիստրատուրա անցել Լիսաբոնի Տեխնիկական համալսարանում եւ մեքենայական ուսուցման ուղղվածությամբ թեզ պաշտպանել։

Անցյալ տարի սեպտեմբերին սկսեցի դասավանդել Քվանտ վարժարանում. մեքենայական ուսուցման ներածական դաս էի վարում ավագ դպրոցի երեխաների համար, իսկ «Այբում» մրցակցային ծրագրավորման դասեր անցկացնում։

Մարտին Միրաքյանը Մարտին Միրաքյանը
photo © Hero House


Այս դասընթացների համար ներկայիս հարթակն էի պատրաստել, որպեսզի երեխաները հեշտությամբ մասնակցեին դասերին, հավելյալ նյութեր ու ծրագրեր օգտագործելու անհրաժեշտություն չառաջանա։ Profound Academy-ի հարթակը մշակել եմ երեք շաբաթում, կարելի է ասել՝ ներկայիս հարթակի մինիմալ MVP-ն էր։

Դժվարություններ, արագ տեմպ ու վախեր

Հարթակը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողներիս շրջանում։ Սկզբում վախեցնող էր տեմպը. մեկ շաբաթվա կտրվածքով բավականին բարդ խնդիրներով 20 վարժություն էի նախատեսում, ուսանողներս 5 ժամում լուծում էին. նրանց բավարարելը բավական դժվար էր, փորձում էի նորերը գրել։

Ամեն ինչ 0-ից ենք իրականացրել՝ բացատրական բովանդակությունից մինչեւ գործնական առաջադրանքներն ու ստուգող թեստերը: Հարթակը հիմնականում ես եմ մշակում, եղբայրս ու երկու ընկերս երբեմն օգնում են:


Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին ավելի մանրամասն ու համակարգված մշակեցի Phyton-ի դասընթացը։ 300-ից ավելի վարժություն կա, որոնց համապատասխան բացատրական տեքստեր ու թեստեր ենք ստեղծել։ Phyton-ն ամենապահանջված լեզուներից մեկն է ու դրա համար հենց այս լեզուն առաջինն ընտրեցինք։ Շուտով Algorithms and Data Structures-ի կուրս ենք հրապարակելու։

Առավելությունները մրցակիցների հանդեպ

Մեր մրցակիցները շատ են, ուժեղ ու մեծ, բայց կա երկու տարբերություն. առաջինն այն է, որ մեծ մրցակիցները կենտրոնանում ու ուշադրություն են դարձնում տեսական բովանդակությանը, գործնական մասը քիչ է։

Մարտին Միրաքյանը Մարտին Միրաքյանը
photo © Hero House


Օրինակ՝ Udemy-ը, մեծ հաշվով, վճարովի YouTube է։ Մեզ մոտ համակարգն այնպես է նախագծված, որ առանց կոդ գրելու առաջ գնալ հնարավոր չէ։ Ամեն մակարդակ անցնելու համար հարկավոր է համապատասխան բարդության կոդ գրել, ինչն էլ բանալի է հաջորդ փուլերի համար։ Սա օգնում է հաջորդ թեմաներն ավելի հեշտ յուրացնել։


Երկրորդ տարբերությունն այն է, որ մենք զուգահեռ տրամադրում ենք մենտորինգ ու tutoring։ Շաբաթը 3 անգամ կանոնավոր պարապմունք ենք անցկացնում, որ ուսանողը որեւէ կետում կանգ չառնի ու կիսատ թողնի ուսումը։

Վիճակագրությունը փաստում է, որ առցանց ծրագրավորում սովորողների մոտ 95 տոկոսը դասընթացն ավարտին չի հասցնում, դժվարության հանդիպելիս ուղղակի չի շարունակում։ Մենք փորձում ենք սա քչացնել ու ավելի արդյունավետ դարձնել կրթական պրոցեսը։



Մոտիվացնելու համար հարթակում խաղային հատված ենք ավելացրել, արդեն համայնքներ են ձեւավորվել: Բացի այդ, մասնակիցները կարող են տեսնել վարկանիշային աղյուսակը, իրենց արդյունքները եւ մրցակցել լավագույնների հետ։

Աքսելերացիոն ծրագրերն ու ներդրումները

Աքսելերացիոն ծրագիր անցել ենք Hero House-ում, այստեղ միջավայրը կրթող է ու օգնող։ Ամենաարժեքավորն այն էր, որ հանդիպեցի իմ նման մարդկանց, որոնք նույն խնդիրների միջով են անցնում ու կիսվում իրենց փորձով։ Դիմել ենք նաեւ Y Combinator ու SkyDeck:

Մարտին Միրաքյանը Մարտին Միրաքյանը
photo © Hero House


Երկու դրամաշնորհ ստացել ենք GIZ-ից ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից «Գաղափարից բիզնես» ծրագրով։ Ներդրման առաջարկ ունեինք, սակայն մերժել ենք, դեռ խուսափում ենք, քանի որ պետք է կոնկրետ պատկերացում ձեւավորենք՝ որտեղից ուր ենք գնում։

Համագործակցություններն ու նոր ծրագրերը

Արդեն ներդրել ենք «Այբ» դպրոցում ավագ դասարանի երեխաներին ծրագրավորում սովորեցնելու համար, համագործակցում ենք Bright Minds նախաձեռնության հետ։ Նրանք մարզերում օլիմպիական խմբակներում խորացված ծրագրավորում են դասավանդում։ Լearning Mission-ը նույնպես օգտվում է մեր հարթակից. Սլավոնական համալսարանի հետ համատեղ C++ դասեր են անցկացնում։ Արդեն 1000-ից ավելի ուսանող ունենք։

Մոտ ապագայում պլանավորում ենք աշխատանքային հարցազրույցների համար նախատեսված ալգորիթմների կուրս ստեղծել ու Data science-ի ամբողջական ուսումնական ճանապարհ նախագծել, որ մեզ մոտ 0-ից Data science սովորեն ու ընդունվեն աշխատանքի։

Նունե Գրիգորյան