16:58 | 25.11.22 | Հոդվածներ | exclusive 7065

Lucky Carrot Vol 2. մոդելի փոփոխություն եւ ինտեգրացիա Zoom-ի marketplace-ում

Lucky Carrot-ը («Հաջողակ Գազարը») վիրտուալ գազարներով միմյանց «Շնորհակալություն» հայտնելու հարթակ է, որը, չափելով աշխատակիցների ներգրավվածությունը, դուրս է բերում իրական խնդիրներն ու գործիքներ տալիս՝ դրանք լուծելու։ Նպաստելով ընկերության մշակույթի ձեւավորմանն ու պահպանմանը՝ հարթակը նաեւ օգնում է ժամանակին կանխատեսել, թե որ աշխատակիցներն են ընկերությունը լքելու ռիսկային գոտում եւ հակառակը՝ ովքեր են ընկերության մշակույթի կրողները։

Lucky Carrot-ը 2021 թվականին արժանացել է Product Hunt-ի Golden Kitty մրցանակին՝ որպես լավագույն SaaS պրոդուկտ։ Lucky Carrot-ն օրերս Product Hunt-ում գործարկել է 2-րդ տարբերակը, որը բեկումնային փոփոխություն է պրոդուկտի կառուցվածքում ու բիզնես մոդելում։

Lucky Carrot-ի համար այս կարեւոր շրջափուլում մեծ տեսլականի ու երախտագիտության նոր մշակույթի տարածման մասին iTel.am-ը զրուցել է համահիմնադիր Մարիամ Գյուլումյանի հետ։

Գաղափարն ու երախտագիտության մշակույթի տարածումը

Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժնում էի սովորում ու ծրագրավորումը երբեք չի հետաքրքրել։ Հստակ գիտեի, որ ինձ հետաքրքրում է ընդհանուր բիզնեսն իր բաղադրիչներով։

2017-ին Hero House-ի Համբարձում Քաղկեցյանը եկավ Ամերիկյան համալսարան ու  ներկայացրեց ստարտափների մոդելը: Սլավոնական համալսարանում մասնակցեցի Startup Boost Weekend-ին, գաղափար վաղուց ունեի, այդ օրը փիչ (pitch) արեցի, թիմ հավաքեցի, սակայն այդ ստարտափը ձախողվեց։ 3-րդ կուրսում մասնակցեցի Դրեյփերի համալսարանի 5 շաբաթյա ծրագրին, որից հետո ուսումս շարունակեցի Ամերիկյանում։

Այդ ժամանակ մեր մյուս համահիմնադիր Սերգեյ Ասատրյանի առանձին ստարտափը եւս անհաջող ընթացք էր ստացել, միավորվեցինք հաքաթոնի ընթացքում ստեղծված Lucky Carrot-ի շուրջ։

Մարիամ Գյուլումյանը Մարիամ Գյուլումյանը
photo © Մեդիամաքս


Փորձը ցույց է տալիս, որ նոր սերնդի մարդկանց մոտիվացնելու նոր մեթոդներ են հարկավոր։ Աշխատակիցը շաբաթը երկուսից երեք անգամ խրախուսանքի, գնահատանքի կարիք ունի։ Նա ցանկանում է զգալ՝ իր արած գործն արժեւորվում է։ Այդ հարցում օգնում է Lucky Carrot-ը, որտեղ ընկերությունները գրանցվում են ու աշխատակիցներին ամենապարզ մեխանիզմով վիրտուալ գազարներ տալիս, որոնք ունեն ֆինանսական սիմվոլիկ արժեք կամ կարող են վերածվել նվեր քարտի։ Գործընթացն, ի դեպ, տեսանելի է ամբողջ թիմում։

photo © Lucky Carrot


Հին մոդելով ընկերություններում աշխատակցին խրախուսելու համար տարվա վերջում կազմակերպվում է մեծ միջոցառում, որի ընթացքում տարբեր անվանակարգերում հաղթողների են ընտրում, ողջ թիմից միայն մեկը կամ մի քանիսն է գնահատանքի արժանանում։ KPI-ների վրա հիմնված մոդելները նույնպես հնացած են ժամանակակից աշխատաշուկայում։

Գնահատելու ու խրախուսելու պրոցեսն օգնում է նաեւ քանդել սառը պատը հեռավար աշխատանքի ընթացքում։

Մյուս կողմից էլ մենեջմենթին ու HR թիմերին տրամադրում ենք վերլուծություն, որի շնորհիվ կարելի է տեսնել, թե թիմային փոխազդեցություններ՝ առանձնացած թիմեր կան, թե ոչ։ Հարթակն օգնում է նաեւ կանխել թիմային հնարավոր կոնֆլիկտները կամ շատ այլ խնդիրներ, տեսնել՝ նոր աշխատակիցն ինտեգրվում է թիմում, թե ոչ։

photo © Lucky Carrot


Մոտ 50-ից ավելի ընկերություն արդեն օգտագործում է Lucky Carrot-ը, ընդհանուր առմամբ, մոտ 5 000 օգտատեր ունենք։ Իսկ այս պահին մեր թիրախը Միացյալ Նահանգների շուկան է։

Մրցանակներն ու ներդրումները

2021 թվականին դարձել ենք տարվա լավագույն SaaS պրոդուկտը ու ստացել Golden Kitty մրցանակը։

Առաջին ներդրումը ստացել ենք 2020-ի հունվարին BANA-ի հրեշտակների ցանցից։ EIF-ից IMG դրամաշնորհ ենք ստացել, նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրով։

photo © Մեդիամաքս


Երկու շաբաթ առաջ հայտարարել ենք նաեւ ներդրումային նոր փուլի բացման մասին, արդեն DraperU Ventures, Insta Ventures, Join Journey վենչուրային ֆոնդերից, BAJ Accelerator-ից ֆինանսավորում ենք ստացել, բայց շրջափուլը բաց է ու պատրաստ ենք նոր բանակցություններ վարել։

Republic-ում հասանելի ենք ներդրումների համար։ Այս fintech ընկերության հարթակը հնարավորություն է տալիս նվազագույնը 150 դոլարից սկսած ներդրում կատարել այն ընկերություններում, որոնց հավատում ես ու ցանկանում աջակցել։ Ներդրումներն օգտագործելու ենք մեր մեծ տեսլականին հասնելու համար։

Թիմ

Թիմում 15 հոգի ենք։ Տրամաբանական է, որ մեզ մոտ էլ շատ ակտիվ օգտագործում ենք Lucky Carrot-ը։ Վերջին շրջանում, կարելի է ասել, կրկնապատկվել ենք։ Գործից դուրս էլ ընկերներ ենք, հաճելի շփվում ենք, օրվա մեծ մասը միասին անցկացնում։

photo © Lucky Carrot


Ամենագլխավոր ու բեկումնային փուլը

Lucky Carrot-ի ամենագլխավոր փուլն է եկել։ Այսքան ժամանակ հարթակն ընկերությունների ներքին օգտագործման համար էր։ Ստեղծելու ենք հնարավորություն մարդկանց շնորհակալություն ասել ու վիրտուալ գազարներ ուղարկել ոչ միայն ընկերության ներսում, այլեւ՝ դրանից դուրս այն հարթակներում, որտեղ նրանք աշխատում են, սովորում, շփվում։

photo © Մեդիամաքս


Այս ընթացքում հասկացանք, որ հատկապես հեռավար կամ հիբրիդային մոդելով աշխատանքի պայմաններում թիմային աշխատանքի տեսանելիության խնդիր կա։ Մարդիկ ամեն օր օգտագործում են Slack, Zoom, Figma, Miro, Github, GSuite, Jira եւ նման գործիքներ, հաճախ միմյանց գնահատում են «բութի» կամ ոչինչ չասող «էմոջիներով»: Սա մեզ համար ստեղծում է խրախուսելու ու շնորհակալություն հայտնելու մշակույթը բոլոր հարթակներ բերելու նոր հնարավորություն:

Lucky Carrot Vol 2-ի գործարկումն ու մեծ տեսլականը

Արդեն գործարկել ենք Lucky Carrot Vol 2-ը, որը թույլ կտա վիրտուալ գազար գնել ու ուղարկել յուրաքանչյուր մարդու։ Այն հասանելի է Product Hunt-ում, որտեղ կարող են քվեարկել պրոդուկտի օգտին, թեստավորել, արձագանքներ թողել. դրանց հիման վրա մենք ավելի կկատարելագործենք պրոդուկտը։

photo © Մեդիամաքս


Ստարտափում ամենագլխավորն այն է, որ չվախենաս ինչ-որ պահի բիզնես մոդելի փոփոխությունից, պրոդուկտի գլխավոր մասը փոխելու անհրաժեշտությունից։ Այդպես արեցինք 2-րդ տարբերակի գործարկումից առաջ։ Թիմային որոշում կայացրինք, հասկացանք, որ անհրաժեշտ է այդ քայլին գնալ, երբ Zoom-ն իր marketplace-ում հաստատեց մեր պրոդուկտի ինտեգրացիան։

Zoom-ը մոտ 3 տարի առաջ բացեց իր marketplace-ը, որտեղ ինտեգրվում են ընտրված պրոդուկտները։ Օրական միլիոնավոր մարդիկ են օգտվում Zoom-ից, ու մինչ այսօր մոտ 120 պրոդուկտ է ընտրել Zoom-ն իր marketplace-ում տեղակայելու համար։ Այստեղ ընդգրկվելու եւ համագործակցելու համար բավականին բարդ ու խիստ ընտրության փուլ ենք անցել ու հաղթահարել, շուտով պաշտոնապես կհայտարարենք ինտեգրացիայի մասին։

Մարիամ Գյուլումյանը Մարիամ Գյուլումյանը
photo © Մեդիամաքս


Սա հնարավորություն կտա հենց Zoom-ով հանդիպման ժամանակ օգտագործել մեր պրոդուկտը, որը մեզ համար արագ ընդլայնվելու ու տարածվելու մեծ հնարավորություն է։

Նունե Գրիգորյան