08:28 | 19.11.22 | Հոդվածներ | exclusive 6674

Հայկական OnePick-ն կօգնի ավտոմատացնել սոցմեդիայի էջերի վարումը

OnePick-ն արհեստական բանականության միջոցով ապահովում է հարմարեցված եւ ժամանակակից սոցիալական մեդիա գրառումներ եւ հրապարակման համար պատրաստ բովանդակություն՝ հիմնված էջերի եւ շուկայական տվյալների վերլուծության վրա:

Ստարտափը մասնակցել է Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրին ու GIZ-ից դրամաշնորհ ստացել։ Այն նաեւ Seaside Startup Summit 2021-ի հաղթողն է։

OnePick-ի համահիմնադիր Հայկ Քոչարյանը iTel.am-ին պատմել է գաղափարի առաջացման, առաջին քայլերի, դժվարությունների ու զարգացման հետագա ծրագրերի մասին։  

OnePick-ի ստեղծումը

Սովորել եմ Ճարտարապետաշինարարական համալսարանում ու իմ բակալավրի կրթությունը կապ չունի ՏՏ-ի ու ծրագրավորման հետ, բայց 2-րդ կուրսից աշխատել եմ Թումոյում՝ որպես ուսուցանող մարզիչ: Հենց այդտեղ էլ ձեւավորվել է հետաքրքրությունը տեխնոլոգիաների հանդեպ ու որոշեցի ձեռներեցությամբ զբաղվել։

Թումոյից հետո գնացի բանակ: Ծառայության ընթացքում 4 ընկերներով Սյունիքի մարզի դպրոցներում Թումոյի կրթական ֆորմատով ծրագրավորման դասընթացներ էինք կազմակերպում։ Վաթսուն ուսանող ունեինք, ինչի համար ընդգրկվել եմ HIVE-ի կազմած 30 under 30 վարկանիշում։

Բանակից վերադառնալուց հետո որոշեցի ստարտափն ստեղծել։ Փնտրում էի հնարավոր տարբերակներ, ուսումնասիրում, թե ինչպես է Հայաստանում ստարտափ էկոհամակարգն աշխատում ու դիմեցի FAST հիմնադրամի «Ventures Building» ծրագրին, որի ֆորմատը թույլ է տալիս տեղում ձեւավորել թիմ ու գեներացնել նոր գաղափարներ։

Հայկ Քոչարյանը Հայկ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Այստեղ ձեւավորվեց մեր թիմն ու ամեն օր նոր գաղափար էր ծնվում: Ի վերջո, հասանք ՕnePick-ի մտքին՝ մշակենք հարթակ, որը մեքենայական ուսուցման միջոցով տասնյակ նկարներից կընտրի լավագույնը՝ սոցիալական հարթակներում հրապարակելու համար։ Սակայն շուկայի ուսումնասիրությունների արդյունքում ստարտափի գաղափարը փոխվեց։

Առաջին քայլերն ու շուկայի թիրախավորումը

2021-ի դեկտեմբերին Դուբայում մասնակցեցինք Seaside Startup Summit-ին ու հաղթող ճանաչվեցինք։ Արդեն անցել էինք FAST հիմնադրամի ծրագիրը, ունեինք դրամաշնորհ ու պետք էր առաջ գնալ։ Միտքն արդեն ձեւափոխել էինք. բիզնեսներին տրամադրում ենք պատրաստի հրապարակումներ, որը ներառում է նկարներ, մեդիաֆայլեր, տեքստեր եւ առաջարկում հրապարակման համար լավագույն ժամանակացույց։ Այն ուղղված է ոչ թե SMM մասնագետներին, այլ՝ բիզնես ունեցող մարդկանց, ձեռներեցներին, որոնք չունեն մարքեթինգային գիտելիքներ, սակայն ցանկանում են իրենց սոցիալական էջերը գրագետ վարել։

Մեր առաջին ու գլխավոր թիրախը տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող ձեռներեցներն են։ Ուսումնասիրություն կատարելով՝ գտանք սոցիալական էջերը գրագետ վարելու ամենալավ մոդելը, որի վրա էլ կառուցեցինք տեխնիկական լուծումը. այն առաջարկում է հնարավորինս անհատականացված բովանդակություն։

Հայկ Քոչարյանը Հայկ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Նման ուղղվածություն ունեցող գործիք չկա, շուկայում առկա գործիքներն ընդհանուր մոտեցում են ցուցաբերում։ Ցանկանում ենք տուրիզմի ոլորտն ամբողջությամբ «փակելուց» հետո անցնել այլ ոլորտների: Մեծ շուկա եմ տեսնում ռեստորանային բիզնեսում։ Թիրախավորում ենք գլոբալ շուկան։

Դժվարությունները

Հայաստանում շատ դժվար է ստարտափների մտածելակերպով մարդկանց գտնել։ Շատերը գալիս են մեծ կազմակերպություններից եւ կորպորատիվ ընդհանուր մշակույթ ձեւավորված ընկերություններից ու շատ դժվար է փոքր ստարտափում աշխատանքի մտածելակերպի փոխելը։

Կա նաեւ արագ հաղորդակցման խնդիրը. թիմային ճկունություն ապահովելը երբեմն բարդ է, հատկապես, եթե աշխատանքը հեռավար է կազմակերպվում:

Շուկայի համապատասխանությունը նույնպես ունի դժվարություններ։ Հնարավոր է՝ ենթադրելով ինչ-որ բան անենք, սակայն պարզվի, որ դա շուկային այնքան էլ համապատասխան չէ ու պետք է արագ փոխել:

OnePick-ի գործառույթները

Արդեն ունենք պատրաստի MVP ու դեմո տարբերակի փորձարկումների փուլում ենք։

Օnepick.me կայքում հնարավոր է գրանցվել որպես ընկերություն ու մի քանի թեգ տրամադրել, համակարգն ավտոմատ ստեղծում է պատրաստի SMM օրացույց՝ նկարներով ու հրապարակումներով։ Կարելի է նաեւ ընտրել միայն տուրիզմի կատեգորիան ու մի քանի հարցի պատասխանելուց հետո ավելի անհատականացված ստանալ ամբողջական օրացույցը։

Հայկ Քոչարյանը Հայկ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Օnepick-ի հետաքրքիր գործառույթներից մեկը նկարի համար համապատասխան տեքստ ստանալն է։ Instagram-ի AI Grid գործիքը նույնպես հետաքրքիր է։ Այն թույլ է տալիս նախապես տեսնել հրապարակումների լավագույն հերթականությունը Instagram-ում։

Թիմն ու առաջիկա ծրագրերը
 
Թիմում 7 հոգի ենք։ Ընկերս, ում հետ բանակում ենք ծանոթացել, օգնում է մեքենայական ուսուցման հարցում:

Շատ հետաքրքիր էր մեր CMO-ի հետ ծանոթությունը։ Բարսելոնայում կոնֆերանսի ժամանակ բարձրահարկ շենքի վերելակում փիչ (pitch) արեցի, պարզվեց՝ SMM գործակալություններ ունի եւ շատ փորձառու է ոլորտում։ Որպես թիմակից միացավ մեզ, սա մեծ առավելություն է, երբ թիմում մասնագետ կա, որը վալիդացնում է միտքը։

Վերջերս անցել ենք Hero House-ում Armenian Startup Academy աքսելերատորը, որի արդյունքում GIZ-ից դրամաշնորհ ենք ստացել ու արդեն հրեշտակ ներդրողների հետ հանդիպումների պայմանավորվածություններ ունենք։

Նունե Գրիգորյան