10:35 | 02.11.22 | Նորություններ | 10480
44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների օրթեզավորումը թիրախային ծրագիր է Վիվա-ՄՏՍ-ի եւ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համար:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են, որ ողնուղեղային, գլխուղեղային, վերին եւ ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում:
«Ժամանակակից օրթեզները չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ դինամիկ են եւ ֆունկցիոնալ: Օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն են տալիս կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ եւ էականորեն բարձրացնում են նրանց կյանքի որակը»,- ասված է հաղորդագրությունում:
Վանաձորցի Հենրիկը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից է: Զինվորական կրթություն ստանալու տարիներից հոգեբանորեն պատրաստ է եղել հնարավոր դժվարություններին դիմակայելու, սակայն չի պատկերացրել, որ ստիպված է լինելու տեսական գիտելիքները մի օր գործնականում կիրառել ռազմի դաշտում:
«Մարտական առաջադրանքի ժամանակ, երբ հերթական գործողություն էինք կատարում, զգացի, որ չեմ կարողանում ինձ տիրապետել. մեջքի վրա ընկնում եմ: Գիտելիքը կար, փորձը չկար: Հիմա արդեն փորձն էլ կա: Սկզբնական ժամանակ շատ բարդ էր քայլելը: Սայլակից անցա փայտերով քայլելուն, հետո, երբ օրթեզը ստացա, հնարավորություններն ավելի շատացան»,- ասել է Հենրիկը:
Վիվա-ՄՏՍ-ի եւ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրն իրականացվում է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ:
Ծրագրի տեւողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ: Գնվել է ժամանակակից 100 օրթեզ: