16:10 | 31.10.22 | Նորություններ | 2940

Վարդենիսում բացվել է ԱԹՍ կրթական աշխատանոց

Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավագ դպրոցում տեղի է ունեցել «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցի բացումը։

Աշխատանոցն անվանակոչվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, «Մարտական ծառայության» մեդալակիր Խաչիկ Պողոսյանի անունով։

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում գործող ԱԹՍ աշխատանոցի սաների նախագծած ԱԹՍ-ների թռիչքով։

Աշխատանոցն իրականություն է դարձել «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), VMware ընկերության աշխատակիցների եւ համայնքի բնակիչների ջանքերով։

«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցները նախատեսված են 14-18 տարեկան պատանիների համար։ Այստեղ նրանք հնարավորություն ունեն ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։

«Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են եւ՛ պտուտակավոր, եւ՛ թեւավոր ԱԹՍ-ները։ Ծրագրի նպատակն է Հայաստանի (ներառյալ՝ Արցախի) բոլոր 65 քաղաքում հիմնել ԱԹՍ կրթական աշխատանոցներ, որոնց ընդունելությունը բաց կլինի թե՛ տվյալ համայնքի բնակիչների եւ թե՛ հարակից համայնքների երիտասարդ աղջիկների ու տղաների համար։ Այժմ Հայաստանի 8 մարզում գործում է 11 ԱԹՍ կրթական աշխատանոց:

Մինչ 2022 թվականի ավարտը ԱԹՍ աշխատանոցներ կներդրվեն նաեւ Մարտակերտում եւ Արտաշատում։