14:15 | 24.10.22 | Նորություններ | 10393

UWC Դիլիջանում քննարկում են քվանտային համակարգերի վիճակագրական մեխանիկան

Հոկտեմբերի 24-28-ը UWC Դիլիջանի քոլեջում անցկացվում է «Վիճակագրական մեխանիկան եւ դրա կիրառությունները» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:

UWC Դիլիջանից հայտնել են, որ միջազգային հնգօրյա գիտաժողովին մասնակցում են վիճակագրական մեխանիկայի ոլորտի առաջատար հետազոտողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

Մասնակիցների ցանկը հասանելի է այստեղ:

Օրակարգում են հետեւյալ թեմաները.

•    դասական եւ քվանտային համակարգերի վիճակագրական մեխանիկան,
•    պատահական մատրիցները եւ անկանոն համակարգերը,
•    կոմպլեքս համակարգերը եւ ցանցերը:

Նշվում է, որ հատուկ ուշադրության են արժանանում միջառարկայական կիրառությունները:

«Ուրախ եմ, որ միջազգային փորձի փոխանակման նման հարթակ ունենք, եւ տարբեր երկրների առաջատար մասնագետներ հնարավորություն ունեն տեղեկանալու գիտության աշխարհի վերջին զարգացումներին»,- նշել է գիտաժողովի կազմակերպիչ եւ Տեսական ֆիզիկայի եւ վիճակագրական մոդելների լաբորատորիան ներկայացնող Սերգեյ Նեչաեւը:

Կազմակերպիչները խրախուսում են գիտաժողովի մասնակիցների եւ UWC Դիլիջանի քոլեջի ուսանողների ոչ պաշտոնական շփումը։ Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանրային դասախոսություններ: Կազմակերպիչներն ակնկալում են, որ գիտաժողովը նշանակալից միջազգային իրադարձություն կդառնա Հայաստանի գիտական կյանքում` էական գիտական եւ կրթական ազդեցությամբ:

«UWC Դիլիջանի համար պատիվ է հյուրընկալել Պոնսլե կենտրոնի գիտաժողովը եւ աշխարհի հայտնի համալսարանների գիտնականներին: Որպես Հայաստանի եւ տարածաշրջանի առաջին՝ UWC կրթական մոդելով գործող միջազգային դպրոց, որը հանձնառու է կրթական գերազանցության եւ նպատակն է նպաստել Հայաստանի զարգացմանը, մենք ուրախ ենք այսկերպ մեր ներդրումն ունենալու հայաստանյան գիտական կյանքի առաջընթացին»,- ասել է UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Էրնեստո Աբադ Ֆերնանդեսը:

Գիտաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (ԳՀԱԿ) հետ համատեղ՝ ի դեմս «Պոնսլե միջառարկայական գիտական կենտրոն» միջազգային հետազոտական լաբորատորիայի: