15:24 | 17.10.22 | Նորություններ | 8255

ՔՈԱՖ-ի շրջանավարտների համար մեկնարկել է ստարտափ ծրագիր

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) արդեն երկրորդ տարին անընդմեջ շրջանավարտների համար նախաձեռնել է ստարտափ ինկուբացիոն ծրագիր։

Այս տարի կիրականացվի հայ-ֆրանսիական բիզնես աքսելերատոր StartDoon-ի հետ համագործակցությամբ:  

Նախաձեռնության նպատակն է օգնել Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին կյանքի կոչելու իրենց նորարարական ստարտափ գաղափարները կրթական տեխնոլոգիաների (EdTech), Ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), զբոսաշրջության, ագրարային տեխնոլոգիաների (Agritech) եւ կանաչ լուծումների (Green Solutions) ոլորտներում։

Այս տարվա ծրագիրը բաղկացած կլինի 3 փուլից՝

•    Առաջին նախաինկուբացիոն փուլով նախատեսվում է կազմակերպել 4-ամսյա դասընթացներ ավագ դպրոցի մոտ 150 աշակերտի համար ձեռնարկատիրական նախագծերին նախապատրաստվելու, ինչպես նաեւ հետագա ստարտափ ինկուբացիոն փուլում նրանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով:
•    Երկրորդ փուլում կընդգրկվեն ՔՈԱՖ-ի 30 շրջանավարտ տարբեր մարզերից, որոնք կմասնակցեն ութշաբաթյա ինտենսիվ վերապատրաստման ծրագրին` հնարավորություն ստանալով վավերացնել տարբեր բիզնես գաղափարներ:
•    Փուլը կավարտվի «փիչինգ» միջոցառմամբ, որի ընթացքում շրջանավարտներին կտրամադրվի 5-ական րոպե` իրենց գաղափարները ստարտափ փորձագետներից եւ ՔՈԱՖ-ի անձնակազմից կազմված ժյուրիին ներկայացնելու համար:

Մրցույթի արդյունքում կընտրվի երեք հաղթող ստարտափ, որոնց միջեւ կբաշխվի 15 հազար դոլարի ֆինանսավորումը, ինչը կուղղվի նրանց բիզնես նախաձեռնությունները սկսելուն:

Ինկուբացիոն ծրագրի հաղթողներն իրենց տեղը կապահովեն նաեւ վերջին` նախաաքսելերացիոն փուլում: Փուլը նախատեսված է շուկա դուրս գալու եւ աքսելերատորներին, ներդրումներին եւ եկամուտներին պատրաստվելու համար։

«Նախորդ տարվա պիլոտային ծրագրի արձանագրած հաջողությունը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների տաղանդն ու ներուժը: ՔՈԱՖ-ի Շրջանավարտների ստարտափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ երեք ստարտափ արդեն իսկ գտնվում է իր բնակավայրերում սեփական բիզնես սկսելու վաղ փուլում: ՔՈԱՖ-ը շարունակում է սերմանել եւ խթանել քաղաքացիական պատասխանատվության մշակույթը՝ խրախուսելով երիտասարդ շահառուներին իրենց համայնքներում ստանձնելու նորարարության եւ առաջընթացի շարժիչ ուժի դերը»,- մեկնաբանել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:

Ծրագրի ողջ ընթացքում եւ դրանից հետո դիմորդներին կտրամադրվի ոլորտին առնչվող մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ շուկայի ռեսուրսների հասանելիություն, կապեր ստեղծելու հնարավորություններ եւ բիզնեսին վերաբերող համապարփակ դասընթացներ:

Ծրագիրը կյանքի է կոչվել HSBC Հայաստանի, ինչպես նաեւ Zark նվիրատվությունների եւ Healthbird բժշկական ապահովագրության հավելվածների հովանավորությամբ: