11:06 | 12.10.22 | Նորություններ | 1217

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթն անցկացվում է հետեւյալ անվանակարգերում՝

•    ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
•    քիմիական գիտություններ,
•    գյուղատնտեսական գիտություններ,
•    ռազմական գիտություններ,
•    տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 5-ը ներառյալ: Հայտերն ուղարկել հնարավոր է այստեղ։

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարը, որոնց կտրվի դրամական պարգեւ՝ 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան՝

•    կիրառական նշանակություն,
•    ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
•    գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ,
•    առաջարկում են միջգիտակարգային լուծումներ: