17:48 | 04.10.22 | Նորություններ | 1781

DigiTec 2022-ը տեղափոխվել է 2023 թվականի գարուն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով եւ առաջնահերթ խնդիրների շուրջ գործունություն ծավալելու հրամայականով` որոշվել է DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղափոխել 2023 թվականի գարուն։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է համայնքի ջանքերը կենտրոնացնել այլ առաջնահերթ խնդիրների շուրջ, եւ միջոցառման կազմակերպման արդյունավետության տեսանկյունից թե՛ կազմակերպությունների, թե՛ հյուրերի մասնակցության առումով նպատակահարմար է, որ այն տեղափոխվի գալիք տարի։ Գործադիր տնօրենի խոսքով՝ դա ոչ մի կերպ չի խափանի միջոցառման բարեհաջող իրականացումը, հակառակը՝ կնպաստի միջոցառման առավել արդյունավետ կազմակերպմանը։

«Ցանկանում ենք նաեւ տեղեկացնել մեր համայնքին, որ հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել եւ նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաեւ DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների եւ աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաեւ կազմակերպությունների կայունությունը եւ զարգացումը, որպեսզի մեր առջեւ դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել»,- նշել է Հայկ Չոբանյանը։  

Դեռ սեպտեմբերի 15-ին ԱՏՁՄ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաեւ անդամներից եւ մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու DigiTec վեհաժողովի եւ ցուցահանդեսի անցկացումը, որը նախատեսվում էր սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված է 125 տեղական եւ արտասահմանյան ընկերություն։ 2021 թվականից սկսած՝ ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երեւանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։