15:22 | 22.09.22 | Նորություններ | 8915

FAST-ի հրեշտակների ցանցը ներդրում է կատարել հայկական 2 ստարտափում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) ներդրում է կատարել Doctor Yan եւ Bliink հայկական ստարտափներում:
 
Doctor Yan հավելվածը նախատեսված է ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների համար։ Պացիենտներին այն հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության եւ այլ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի եւ հերթերում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն եւ հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակում եւ հեղինակության առաջխաղացում։

photo © STAN


«Մենք գործունեության այն փուլում ենք, երբ ֆինանսավորումը եւ մասնագիտական խորհրդատվությունը կօգնեն մեզ ռազմավարություն մշակել՝ խթանելով ու արագացնելով հարթակի հետագա զարգացումը: Հաջորդ ամիսներին նախատեսված մեր ծրագիրը ներառում է ինտենսիվ իրազեկման արշավներ ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների շրջանում, նաեւ ակտիվ համագործակցության հաստատում հիվանդանոցների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ»,- նշել է ստարտափի համահիմնադիր եւ տնօրեն Իրինա Ղազարյանը՝ հավելելով, որ Doctor Yan համակարգում այժմ գրանցված է 10 հազարից ավելի պացիենտ եւ 600 համագործակցող բժիշկ։

Bliink ստարտափը, որին ավելի վաղ անդրադարձել էինք, նաեւ FAST-ի InVent նորարարության վենչուրային ծրագրի շահառուներից է։ Այն թույլ է տալիս օգտատերերին կանխարգելել եւ քչացնել համակարգչով աշխատանքից առաջացած առողջական խնդիրները, ինչպիսիք են՝ աչքերի չորություն, կարմրություն, մեջքի ու պարանոցի շրջանում ցավեր:

photo © STAN


«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում տարբեր ընկերությունների հետ, որոնք ցանկանում են Bliink-ը հասանելի դարձնել իրենց աշխատակիցներին: STAN-ից ստացած ֆինանսական ու խորհրդատվական աջակցությունը կծառայեցվի նոր թիրախային օգտատերեր գտնելուն, մարքեթինգային արշավներին ու թիմի ընդլայնմանը: Այն կնպաստի նաեւ այլ օպերացիոն համակարգերի (macOS եւ Linux) համար բետա տարբերակի մշակմանը»,- ասել է Bliink-ի համահիմնադիր եւ տնօրեն Նաիրի Բաղդասարյանը:

photo © STAN


Հոկտեմբերի սկզբին կկայանա STAN-ի հաջորդ 11-րդ փիչինգը, որի ժամանակ մասնակից ստարտափները կներկայացնեն իրենց գաղափարները։
 
STAN-ը FAST-ի գիտության առեւտրայնացման ուղղությամբ իրականացվող կարեւոր ծրագրերից է, որը ստեղծվել է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու նպատակով 2018 թվականին: Ներկայում հրեշտակ ներդրողների ցանցի անդամ է 39 ձեռնարկատեր աշխարհի 7 երկրից: