14:57 | 08.09.22 | Նորություններ | 1997

Հաւք 2022 ԱԹՍ մրցույթին կմասնակցի 41 թիմ

Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ երկրորդ մրցույթի եզրափակիչ փուլը։

Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար:

Մրցույթին մասնակցելու է 41 թիմ, որից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել են օգոստոսի վերջին  տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգում՝

•    դպրոցահասակներ,
•    սիրողական խմբեր,
•    սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։

Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին եւ բարդ։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր՝

•    տարածքում կողմնորոշում,
•    իրերի հայտնաբերում ու տարբերակում,
•    փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։

Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի եւ առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Մրցույթը հիմնաքարային նշանակություն ունի Հայաստանում օդային ռոբոտաշինության զարգացման համար։ Այն վերածվել է ամենամյա փառատոնի, որը որակյալ ժամանց է ապահովում ծնողների ու երեխաների համար, նպաստում է երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության աճին», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Ըստ օրակարգի՝ սեպտեմբերի 10-ին փորձակայանում տեղի կունենա մրցույթի պաշտոնական բացումը, այնուհետեւ թռիչքներ կիրականացնեն դպրոցական թիմերը։ Նույն օրը տեղի կունենա ուսուցողական գետանցում Վանաձորի «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի կողմից, ինչպես նաեւ ազգային պարերի ուսուցում՝ «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի սաների կողմից։ Երեկոյան հյուրերի եւ մասնակիցների համար կկազմակերպվի աստղադիտում։

Սեպտեմբերի 11-ին տեղի կունենան սիրողական եւ մասնագիտացված խմբերի մրցութային թռիչքները, ապա մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն բոլոր անվանակարգերի հաղթողները եւ պարգեւները։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։