12:14 | 08.09.22 | Նորություններ | 9012
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը IBM-ի Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահը Լեոն Ստոկն է:
Սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ, Հայաստան ժամանած Լեոն Ստոկին հանձնվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նրա արժանի վաստակը գնահատող մրցանակը: Տասներկու տարի անընդմեջ, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկերն է Վիվա-ՄՏՍ ընկերությունը:
Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում 13 գյուտի արտոնագիր ունեցող գիտնականն այցելել էր Վիվա-ՄՏՍ՝ մամուլի համատեղ ասուլիսի մասնակցելու եւ մտքերի փոխանակության համար:
Լեոն Ստոկի աշխատանքային հարուստ կենսագրությունը ներկայացրել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Ստոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է IBM-ի այնպիսի արտադրանքների համար, ինչպիսիք են Automation, Robotics, Artificial intelligence, Cloud computing, Consulting, Blockchain, Computer hardware, Software, Quantum computing մշակումները:
Դրանք ապահովում են IBM-ի հիմնական ուժեղ կողմերը՝ ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական եւ անվտանգության համակարգերի բիզնեսներում։ Լեոն Ստոկի թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման եւ ստուգման հոսքեր եւ ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների՝ IBM Z եւ Power համակարգերի, ինչպես նաեւ IBM Quantum համակարգերի նախագծման համար։
«Այս մրցանակաբաշխությունը կարեւոր դեր է խաղում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի հստակ տեղն ամրագրելու հարցում: Նման գիգանտ ընկերությունների առաջին դեմքերի այցերը Հայաստան՝ նպաստում է մեր երկրում զգալի ներդրումների խթանմանն ու բիզնես համագործակցությունների կայացմանը», - նշել է Երվանդ Զորյանը:
«Առօրյայում մենք հաճախ չենք զգում, որ աշխարհն իր քաղաքակրթական ձեռքբերումներով պարտական է կոնկրետ անհատների՝ իրենց գյուտարարության, իսկ հետագայում՝ նաեւ դրանց մասսայականացման համար: Պարոն Ստոկն այդ գիտնականներից մեկն է: Այն, որ մրցանակի գործընկերը ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունն է, ամենեւին պատահական չէ: Հեռահաղորդակցությունը բիզնես է, որը կարող է միավորել, մեծ հնարավորություններ ստեղծել ու պահանջարկ ձեւավորել գիտության զարգացման, տեխնոլոգիական ու ՏՏ լուծումների, մեդիայի, բիզնեսի զարգացման, մարդու զարգացման ու նրա առօրյա կյանքը հեշտացնելու համար:
Մենք տարիներ շարունակ եղել եւ մնում ենք ՏՀՏ համայնքի կողքին՝ համաշխարհային կարեւոր ներդրում ունեցած դափնեկիրներին Հայաստանում ներկայացնելու եւ ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դերն ամրապնդելու համար: Այս մրցանակի շնորհիվ բազմաթիվ հայ երիտասարդներ ոգեշնչվում են եւ լուրջ մոտիվացվում՝ ձգտելով ոտք չդրած արահետներով գնալ դեպի հաջողության նոր պատմություններ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Ես տպավորված եմ այն տաղանդով, որ տեսնում եմ Հայաստանում եւ այն ոգեւորությամբ, որ զգում եմ իմ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիվա-ՄՏՍ-ին այս մրցանակը հովանավորելու եւ այսօր մեզ հյուրընկալելու համար: Հեռահաղորդակցությունը հսկայական դեր է խաղում ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում եւ ես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի առաջադեմ ընկերություն: Հիանալի է, որ Հայաստանում ուսանողները կարողանում են գործընթացների նախագծման փաթեթներ տրամադրել մնացյալ աշխարհի ուսանողներին՝ դրանք օգտագործելու համար», - ասել է դոկտոր Ստոկը:
«Ի թիվս կարեւոր այլ թիրախների՝ մրցանակը միտված է երիտասարդների շրջանում ՏՀՏ ոլորտում կայացած եւ հաջողակ մասնագետի կերպարի ստեղծմանն ու տարածմանը: Հայաստանում կան խոստումնալից երիտասարդներ, որոնք կոգեւորվեն այս մրցանակի դափնեկիրների հաջողություններով եւ նրանց օրինակով կընտրեն ՏՀՏ-ն որպես ապագա մասնագիտություն», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: