10:59 | 07.09.22 | Նորություններ | 1472
Նախագահ Վահագն Խաչատուրյանը IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ։
Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն է, որոնք ապահովում են IBM-ի ամպային տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, բջջային, սոցիալական եւ անվտանգության համակարգերի գործունեությունը բիզնեսներում։
Նրա թիմը մշակում է համաշխարհային կարգի նախագծման եւ ստուգման հոսքեր եւ ծրագրային գործիքներ, որոնք օգտագործվում են աշխարհի ամենամեծ գերհամակարգիչների IBM Z եւ Power համակարգերի, ինչպես նաեւ IBM Quantum համակարգերի նախագծման համար։
Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ արդեն 12-րդ անգամ անցկացվող այս մրցանակաբաշխությունն իր նշանակությամբ բացառիկ է մեր երկրի ճանաչելիության եւ դերակատարման բարձրացման առումով:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում բավական մեծ դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնց գործունեությունը բերել է հեղափոխական նվաճումների եւ փոխել է մարդկանց կյանքի որակը: Այս մրցանակաբաշխության տրամաբանությունն է, որ մեծարենք նման լեգենդներին, հրավիրենք Հայաստան եւ հաղորդակից դարձնենք մեր պատանիներին, ուսանողներին եւ տեխնոլոգիական ու հանրակրթական հանրությանը»,- նշել է Հովիկ Մուսայելյանը։
«Նման մրցանակի արժանացած մարդիկ իրենց դերն ու մասնակցությունն են ունեցել ժամանակակից տեխնոլոգիական ոլորտի հեղափոխական մոտեցումների ձեւավորման գործում:
Համոզված եմ, որ նման միջոցառումները, նման ավանդույթների շարունակությունը մեզ մոտ է՛լ ավելի կմեծացնի հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ եւ մեր երիտասարդների, ինչպես նաեւ կայացած գիտնականների մոտ ցանկություն կառաջացնի իրենց անունը եւս տեսնել դափնեկիրների ցուցակում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:
Դոկտոր Սթոկն իր հերթին նշել է, որ Հայաստանում դժվար է չնկատել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաեւ չզգալ ընկերասեր եւ բարյացակամ մարդկանց վերաբերմունքը: