12:07 | 10.08.22 | Նորություններ | 2075

Հայկական EasyDMARC-ը $2,3 միլիոն ներդրում է ստացել

Հայաստանում հիմնադրված EasyDMARC-ը ներգրավել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում սաղմնային փուլում՝ Acrobator Ventures-ի գլխավորությամբ:

Բացի Acrobator Ventures-ից, մասնակցել է նաեւ հայկական Formula VC վենչուրային ֆոնդը: Ընկերությանն աջակցում է նաեւ Crosspring-ը՝ նախասաղմնային մակարդակում:

Ընկերությունը ներդրումը կօգտագործի իր գլոբալ հասանելիությունն ավելի ընդլայնելու նպատակով։

Էլեկտրոնային փոստի կորպորատիվ ենթակառուցվածքները կիբերհանցագործների համար առաջնային թիրախ են: Հայկական EasyDMARC-ը դժվարացնում է կիբերհանցագործների գործը։

EasyDMARC-ի ամպային լուծումների վրա հիմնված համակարգը հատուկ վերահսկում է էլ․ փոստի վրա հնարավոր ցանկացած սպառնալիքները, ներառյալ ֆիշինգը, կեղծումները եւ սպամը։ Ինչպես նաեւ, օգնում է դադարեցնել ցանկացած ֆինանսական, տվյալների եւ, ի վերջո, հաճախորդների կորուստներն ու արտահոսքը:

Ընկերության տվյալներով՝ 2017 թվականից ի վեր այն կանխել է ավելի քան 82 միլիոն կիբերհարձակում, ներկայում վերլուծում է ամսական ավելի քան 9 միլիարդ տվյալների կետեր։  

EasyDMARC-ին վստահում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ferrari-ն, Panasonic-ը, Թել Ավիվի ֆոնդային բորսան, SimilarWeb-ը եւ 30,000-ից ավելի այլ հաստատություն աշխարհի ավելի քան 130 երկրում: