12:36 | 01.08.22 | Նորություններ | 1597

Գիտության կոմիտեն հրավիրում է գիտնականներին հետազոտական խումբ ստեղծել Հայաստանում

Հայաստանի գիտության կոմիտեն հայտարարել է CARIN եւ LAURIK կրթաթոշակների մասին, որոնք անհատ հետազոտողներին հնարավորություն կտան իրականացնել իրենց հետազոտական ծրագրերը Հայաստանում։

Դրանք ուղղված կլինեն հետազոտության նոր ոլորտներին եւ բազմաբնույթ կամ միջդիսցիպլինար բնույթի առաջարկներին:

CARIN կրթաթոշակն աջակցում է անհատ հետազոտողներին, ովքեր ունեն իրենց սեփական անկախ հետազոտական ծրագիրը եւ ովքեր հետաքրքրված են ստեղծել հետազոտական խումբ ու զարգացնել իրենց մասնագիտական կարիերան Հայաստանի գիտահետազոտական հաստատություններում: Կրթաթոշակի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

LAURIK կրթաթոշակն ուղղված է տաղանդավոր վաղ կարիերայի ընթացքի գիտնականներին, ովքեր ունեն PhD աստիճան եւ պատրաստ են ինքնուրույն աշխատել եւ սկսել իրենց հետազոտական ծրագիրը Հայաստանում: Մանրամասները կարող եք գտնել այստեղ։

Հետազոտողներին հնարավորություն կտրվի.

•    ներկայացնել նոր հետազոտական գաղափարներ,
•    Հայաստանում լաբորատորիա հիմնել,
•    ստեղծել հետազոտական խումբ եւ ղեկավարել այն,
•    վարել սեփական բյուջեն՝ որպես հետազոտական խմբի ղեկավար,
•    դառնալ Հայաստանում գիտության հզորացման մի մասը: