12:20 | 29.07.22 | Նորություններ | 16073

Հայտնի են Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։

Ավելի քան 110 թիմից 99-ը հաղթահարել է նախնական փուլը, իսկ 34-ն անցել է կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետի կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել եւ գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։

EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին եւ 2-ին։ Կանխատեսվում է, որ մոտ տասներկու ստարտափ թիմ կանցնի ազգային եզրափակիչ փուլ։

Օգոստոսի 4-ից 12-ը եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն որակավորված մասնագետների եւ բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։

Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին, որի ընթացքում կլինեն ոգեշնչող ելույթներով հետաքրքիր պանելային քննարկումներ եւ ազգային եզրափակչի մրցույթ։ Միջոցառմանը ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ եւ ձեռնարկատերեր:

EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ։

EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: Վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։

Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի գլխավոր կազմակերպիչը EPIC-ն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), TEAM Telecom Armenia-ի եւ Թումո լաբերի հետ: