13:43 | 20.07.22 | Նորություններ | 1473

Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է

Սեպտեմբերի 5-10-ին Հայաստանը վերածվելու է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների ու արվեստի գործիչների միավորող հարթակի՝ հյուրընկալելով STARMUS միջազգային փառատոնը։

Գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia ընկերությունը հայտարարել է STARMUS փառատոնի հետ համագործակցության մասին։

«Աջակցելով Starmus-ին՝ մենք աջակցում ենք մեր երկրում գիտության հանրայնացմանն ու ոգեշնչում երիտասարդներին՝ ավելի ակտիվ ու համարձակ քայլեր անելու։ Հուսով եմ, որ այս փառատոնը կդառնա անկախ Հայաստանում գիտության վերածննդի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ ապագայում վերականգնելով աստղագիտության ոլորտում ունեցած մեր համբավը»,- նշել է Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  

Team Telecom Armenia-ից տեղեկացնում են, որ փառատոնը Հայաստանում կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը եւ նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:  

«STARMUS-ը աննախադեպ միջազգային իրադարձություն է եւ այստեղ՝ Հայաստանում մենք գիտության տոն ենք պարգեւելու հանրությանն ու հյուրերին»,-խոսելով համագործակցության մեկնարկի մասին՝ ասել է STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնական, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ եւ տիեզերագնացներ, երաժշտության եւ արվեստի համաշխարհային աստղեր։ Փառատոնի ծրագրում (starmus.com/Armenia) նախատեսվում  են համագումարներ ու գիտաժողովներ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երեւանից դուրս։   

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից եւ 2011 թվականից անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում։  Փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ եւ խոսնակներ է ունենում։