17:45 | 20.06.22 | Նորություններ | exclusive 2060

BarCamp Yerevan 2022-ը համախմբել է 3600-ից ավելի մասնակցի

Հունիսի 18-19-ը Երեւանում կայացավ BarCamp Yerevan 2022 թվով 13-րդ (չ)կոնֆերանսը, որի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Այս տարի BarCamp Yerevan-ը համախմբեց ՏՏ-ով ու մեդիայով հետաքրքրվող 3600-ից ավելի մարդու։

«Մենք ունենք 3628 գրանցված մասնակից։ Ակտիվությունը հատկապես բարձր էր առաջին օրը։ Զուգահեռաբար 8 լսարան գրեթե միշտ զբաղված է եղել։ Ապահովել ենք եռալեզու՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն, բովանդակություն։ Ռուսների մասնակցություն նույնպես նկատվել է, կային քննարկումներ ռելոկացիայի մասին։

Հայաստանը տիեզերքում թեման այս տարի համընկավ արբանյակի թռիչքի հետ, ինչն էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ։ Բիոտեխնոլոգիաների ուղղությամբ էլ նկատվեց հետաքրքրություն։ Ելույթներ կային նաեւ այլ թրենդային ուղղություններից՝ NFT-ների ու կրիպտոյի վերաբերյալ»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է BarCamp Yerevan-ի համակազմակերպիչ Արթուր Պապյանը։

ԲարՔեմփը յուրահատուկ դեր ունի ՏՏ ու մեդիա համայքնի ամրապնդման ու զրգացման գործում, նաեւ նոր գաղափարների ու ընկերությունների հիմք է դառնում։ Այսպիսի օրինակներից մեկը Zoomerang-ն է։ Ընկերության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը պատմում է, որ իրենց առաջին իրական օգտատերը ձեռք են բերել հենց ԲարՔեմփ 2018-ում։ Այս տարի վերդարձել են ԲարՔեմփ, բայց արդեն որպես գլխավոր հովանավոր։  

Դավիթ Գրիգորյանը Դավիթ Գրիգորյանը
photo © BarCamp Yerevan


«ՏՏ համայնքը պահելն ու ընդլայնելը ամենակարեւորն է, որ ԲարՔեմփն անում է։ Նաեւ կրթական մեծ ազդեցություն ունի։ Այստեղ մարդիկ իրենց գիտելիքներով կիսվում են, որ սկսնակները սովորեն ու խուսափեն սխալներից։ ՏՏ ոլորտի մասին կարող ես պատկերացում կազմել, կողմնորոշվել, թե ինչով ես ուզում զբաղվել ապագայում։

2018-ին, երբ դեռ մեկ ամիս էր, ինչ սկսել էինք Zoomerang-ը, ԲարՔեմփում մասնագետներից կարծքիներ էինք հավաքում, ու ձեռք բերեցինք մեր առաջին հաճախորդին, որը շատ խորհրդանշական էր համայնքի կողմից աջակցության տեսանկյունից։ Սա մեզ համար նոր մոտիվացիայի աղբյուր էր։ Հիմա մոտ 1000-ից ավելի ֆիլտր ունենք, AI ու beauty ֆիլտրներ, վիդեո խմբագրիչ, որն աշխարհում թոփ 3-ի մեջ է մտնում։ Այժմ օրական 40 հազար թեմփլեյթ է ստեղծվում մեր հավելվածով։ Համայնքին որպես շնորհակալություն՝ մենք մեր առաջին ներդրումն ենք անում դրա զզարգացման ուղղությամբ ու Բարքեմփի հովանավորչությունը շատ խորհրդանշական է մեզ համար»,- նշում է Դավիթը։

Հայաստանում ԲարՔեմփն անցկացվում է 2009 թվականից: Այս տարիների ընթացքում այն դարձել է ամենամասշտաբային ՏՏ եւ մեդիա միջոցառումը՝ տարեց տարի ավելի ընդլայնվելով։ Նախորդ տարի այն անցկացվել է նաեւ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Դիլիջան քաղաքներում։

Itel.am-ը հանդիսանում է BarCamp Yerevan 2022 ինֆորմացիոն գործընկերը։