16:14 | 20.06.22 | Նորություններ | 2876

Արսեն Բաղդասարյան. «Դրամի արժեւորման պատճառով ՏՏ ոլորտում ռիսկային իրավիճակ է ստեղծվում»

DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանն այսօր ասել է, որ վերջին ամիսներին դրամի արժեւորումը եւ դոլարի շուրջ 20% արժեզրկումը լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ Հայաստանում IT ոլորտի փոքր եւ միջին ընկերությունների համար, որոնք կազմում են ՏՏ ընկերությունների մոտ 90%-ը եւ կարող են չդիմակայել նման իրավիճակին։

«Մանթաշյանց» գործարարների միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ իրավիճակն ազդում է ընկերությունների զարգացման, հնարավորությունների, ներդրումների, աշխատավարձային քաղաքականության վրա։

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների մեծամասնությունն աշխատում է արտասահմանյան ընկերությունների հետ, ինչը նշանակում է, որ պայմանագրերը կնքվում են արտարժույթով, իսկ ներքին ծախսերը կատարվում են դրամով։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ չենք կարող դոլարով աշխատավարձ, վարձ վճարել, ներդրումներ անել։ Պայմանագրերն էլ հիմնականում կնքվում են մեկ տարի ժամկետով եւ դժվար է ընթացքում վերանայել դրանք»,- ասել է նա։

«Այդպիսով ռիսկային իրավիճակ է ստեղծվում փոքր եւ միջին ՏՏ ընկերությունների համար, որտեղ հիմնական ծախսերի մեծ մասն աշխատավարձն է եւ   պարտավորությունների կատարումն ու դրամային պայմանավորվածությունների պահպանումը առաջվա համեմատ շատ ավելի խնդրահարույց կարող է լինել»,- նշել է DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։