15:07 | 20.06.22 | Նորություններ | 19931

Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը Orion Summit 2022-ի առանցքային թեմաներից մեկն է

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի առանցքում կլինեն ստարտափների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական թեմաները։
 
Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP- աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգեւորելու եւ պարգեւատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռեւս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով եւ արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։

Հայաստանում տաղանդներին պահելու եւ խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ՝ հետագայում ընկերության ձեռքբերումների եւ կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր։

Քննարկմանը բանախոսելու է Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցի` Ամերիաբանկի Իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանը: Ամերիան առաջիններից մեկն է, որ Հայաստանում դեռեւս 2016 թվականին ներդրել է ESOP ծրագիրը: Դավիթ Սարգսյանը կներկայացնի ընկերության հաջողված փորձը:

Քննարկմանը կմասնակցեն cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնիանսը, Service Titan Armenia-ի ղեկավար Աշոտ Տոնոյանը, BDO -Հայաստանի ներկայացուցիչները։

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երեւանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի եւ այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ եւ մասնագետներ: