17:03 | 13.06.22 | Նորություններ | 1725

    ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ կա․ Լիտվայի դեսպան

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

    Կողմերը քննարկել են թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները:

    Անդրադարձել են հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացմանը, ինչը նոր հեռանկարներ կարող է ունենալ։

    Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ է տեսնում։

    Ռոբերտ Խաչատրյանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: