11:17 | 13.06.22 | Նորություններ | 1543

    ՏՀՏ ոլորտի շուրջ 200 աշխատակից մասնակցել է պահեստազորային վարժանքների

    Հունիսի 12-ին ցուցադրական վարժանքներով ամփոփվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հունիսի 5-12-ը կազմակերպված տեխնոռազմամարզական հավաքը։

    Հավաքին մասնակցել են ՏՀՏ ընկերությունների շուրջ 200 աշխատակիցներ։ Մասնակիցներն անցել են կրակային և մարտավարական բազային պատրաստություն գումարտակի շրջանակներում։

    Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքի ընթացքում գործնականում ստուգվել է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ապագա համակարգի գումարտակի մոդելը։

    Վարժանքի հրամանատարությունն ու ղեկավարումն իրականացվել է գումարտակային մակարդակի հրամանատարական, ղեկավարման, տեղեկության հավաքման, դիտարկման և հետախուզման համակարգերի կիրառմամբ։ Այն բաղկացած է հայկական ՏՀՏ ընկերությունների տեխնոլոգիական և համակարգային լուծումներից։



    ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։

    Ծրագիրն իրականացվում է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։