17:45 | 27.05.22 | Նորություններ | 2246
Հաջորդ շաբաթ Երևանը հյուրընկալելու է EMERGE և HeyGrowth միջազգային ՏՏ համաժողովները, որոնց, որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է նաև Team Telecom Armenia-ն։
«Հայաստանում տեղի ունեցող տեխնոլոգիական միջոցառումները, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացումը մշտապես մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ մեր երկիրը թեև փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ է շարժվում այս ոլորտում՝ կարողանալով նաև գրավել միջազգային խաղացողների ուշադրությունը»,- ասել է Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։
Պրոդուկտների մշակման ուղղությամբ իրականացվող HeyGrowth Conference-ն այս տարի կանցկացվի մայիսի 30-ին։ Այն ունենալու է ավելի քան 300 մասնակից 250 ընկերություններից, որոնք քննարկումներ են ծավալելու պրոդուկտների աճի ու զարգացման այս տարվա տենդենցների և հնարավորությունների շուրջ, իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները ներկայացնող բանախոսները կիսվելու են իրենց case study-ներով ու հաջողության պատմություններով։
«Մենք ուրախ ենք համագործակցել ընկերությունների հետ, որոնք նպաստում են Հայաստանի զարգացմանը՝ որպես նոր տեխնոլոգիական կենտրոն: Այսօր յուրաքանչյուր ընկերության համար կարևոր է կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումը»,- նշել է HeyGrowth-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ալեքս Պիսարևսկին։
Հունիսի 1-ին և 2-ին կկայանա EMERGE համաժողովը, նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին։ Համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան 2000 ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից:
Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում բացի ելույթներից, բանախոսների և ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումներից ու մենթորական սեսիաներից տեղի է ունենալու նաև ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթը, որի հաղթողները ստանալու են ներդրումներ և մրցանակներ Amazon Web Services-ից։