16:40 | 01.03.22 | Նորություններ | 2731

Ուկրաինայում գործարկվել է Starlink արբանյակային կապը

Արբանյակային կապի համաշխարհային Starlink համակարգը սկսել է աշխատանքը Ուկրաինայի տարածքում։ Այդ մասին այսօր օրը հայտարարել է NetBlocks միջազգային մոնիտորինգային ոչ առեւտրային կազմակերպությունը։

«SpaceX կազմակերպության Starlink-ը գործում է Ուկրաինայում: Համակարգը
ողջ բնակչությանը հասանելի չի լինի, սակայն թույլ կտա լրագրողներին, դիմադրության խմբերին եւ կառավարությանը օնլայն մնալ»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:

Փետրվարի 27-ին Իլոն Մասկը հայտարարել էր, որ ապահովել է Starlink-ի հասանելիությունը Ուկրաինայի տարածքում։

Starlink համակարգը նախատեսված է ամբողջ աշխարհում օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ երկրի ուղեծրում տեղակայելով մեծ թվով փոքր սարքեր (մինչև 500 կգ քաշով):

Նախկինում Starlink-ը հասանելի էր 28 երկրներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայի մի շարք երկրներում, Լատինական Ամերիկայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում: