14:07 | 26.01.22 | Նորություններ | 6542

Վիվա-ՄՏՍ. Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արփի գյուղում ավարտել են էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը:

Գործընկերները չորս տարի շարունակ՝ 2018 թվականից, այս գյուղում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  մի քանի ծրագիր են իրականացրել:

Փողոցների արտաքին լուսավորության վերջին փուլն իրականացվել է 2021 թվականին: Ընդհանուր առմամբ, գյուղի ամբողջ երկայնքով փողոցային լուսավորություն ապահովելու նպատակով, այդ ամբողջ ընթացքում տեղադրվել է 234 LED-լուսարձակ։ Լուսավորված տարածքը կազմել է 9 կմ ճանապարհ, որից 2,5 կմ-ը լուսավորվել է 2021 թվականին՝ 62 լուսարձակի տեղադրմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաեւ Արենիի համայնքապետարանը:

«Այս ծրագիրը շատ կարեւոր է ոչ միայն բնապահպանական, էներգախնայողության, համայնքային միջոցների տնտեսման, այլեւ մարդկանց անվտանգության ապահովման եւ հոգեբանական առումով: Այն թույլ է տալիս ոչ միայն երկարաժամկետ արդյունք ապահովել, այլեւ մեղմել մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ զարգացման առկա տարբերությունը: Ենթակառուցվածքների զարգացումը քաղաքակիրթ պայմաններ է ապահովում հեռավոր մարզերում ապրողի համար: Տարիների՝ մեր գործընկերության հիմքում եղել է թվարկված նպատակների իրականացումն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսեւորումը: Մեծ խնդիրները հնարավոր է լուծել նաեւ փոքր ծրագրերի միջոցով»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախությամբ կարող ենք նշել, որ 2021-ին մեր առաջ դրված նպատակներից եւս մեկին կարողացանք հասնել։ Արփի գյուղը գրեթե ամբողջությամբ ապահովված է փողոցային լուսավորությամբ։ Ծրագրի արդյունքում Արփիի բնակիչներն ունեն առավել ապահով միջավայր, որը կնպաստի նաեւ համայնքային կյանքի աշխուժացմանը», - ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Արտաքին լուսավորության ժամանակակից համակարգի գործարկման շնորհիվ, գյուղն առավել ապահովագրված կլինի վայրի կենդանիների «թիրախում» հայտնվելու հավանականությունից: