00:20 | 29.12.21 | Հարցազրույցներ | exclusive 30844

Վիկտորյա Բաղդասարյան. Նպատակ եւ իմաստ՝ սա է «դեղատոմսը»

Վիկտորյա Բաղդասարյանը Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպության զարգացման տնօրենն է, արդեն 15 տարուց ավելի աշխատում է հեռահաղորդակցության ոլորտում՝ յուրաքանչյուր օր չդադարելով սովորել, բացահայտել ու սիրել այն, ինչ անում է։ Մասնագիտական ուղու, երաժշտությունը՝ կյանքի անբաժանելի մաս լինելու, ընտանիքի, գրականության ու մարդկանց հետ աշխատանքի մասին է նրա հետ զրուցել Itel.am-ը։
 
Ճանապարհորդությունը ճակատագրական էր

«Մինչեւ 10-րդ դասարան, գրեթե բոլորը վստահ էին՝ երաժիշտ եմ դառնալու։ Ես նույնպես։ Բայց եղավ շրջադարձային մի ճանապարհորդություն ու ամեն ինչ փոխվեց»։
 
Դպրոցական վաղ տարիքից Վիկտորյան երաժշտական կրթություն է ստացել՝ սկզբից մինչեւ վերջ անցել է երաժշտական դպրոցի 7-ամյա կրթական ճանապարհը, երկար տարիներ երգչախմբում է երգել, ջազային կվարտետում է նվագել եւ բոլորը համոզված էին, որ հենց դա է նրա ուղին։

«Սակայն իմ կյանքում բեկումնային մի ճանապարհորդություն տեղի ունեցավ ու ամեն բան փոխվեց: Կյանքիս առաջին ճանապարհորդությունն էր՝ կրթական փոխանակման ծրագրով մեկնեցի ԱՄՆ: Առաջին անգամ էի այդքան երկար ժամանակով կտրվում ընտանիքիցս։ Ցանկացած ճամփորդություն արկածախնդիր մի «հետախուզություն» է ու հենց դրանով հանդերձ՝ ինքնաբացահայտման, սովորելու եւ աճելու մի փոքրիկ պատմություն: Այս մեկն էլ բացառություն չէր, ու տուն վերադարձա ապագայի բոլորովին այլ պլաններով եւ երաժշտության ուղին որոշեցի չշարունակել»։

Նշում է՝ նույնիսկ մասնագիտական այլ ընտրության պարագայում, այնուամենայնիվ, երաժշտությունն անջնջելի հետք է թողել իր կյանքում եւ իր կյանքի ներկա կառուցվածքի անբաժանելի մասն է: Պնդում է՝ երաժշտությունը կյանքի ոճ է եւ հենց դա է կյանքը։

«Ես միշտ ասում եմ, որ իմ կյանքը երաժշտություն է՝ ռոք եւ ջազ։ Մի ավանդույթ ունեմ՝ օրն սկսել լավ երաժշտությամբ: Երաժշտության ընտրությունն էլ թելադրում է այդ պահի տրամադրությունս, կախված է նրանից, թե ինչ օր է սպասվում կամ թե ինչ անելիքներ ունեմ։ Օրինակ, այսօր՝ ինձ համար ջազ-օր է, օրվա դրական բացումն արել եմ Գրեգորի Փորթերով: Եթե ռոքային օր է, ինձ կարող են ուղեկից դառնալ դասական բարի ու ամենամարդասիրական Beatles-ից սկսած մինչեւ Queen-ը եւ Pink Floyd-ը, U2, Aerosmith կամ Bon Jovi-ն, եթե ջազային օր է՝ հայ էթնոջազի գեղեցկագույն ցանկացած կատարում, կամ թե Ռեյ Չարլզը, Նինա Սիմոնը, Մայլս Դեվիսը, Էլլա Ֆիցջերալդը։

Առհասարակ, ցանկացած երաժշտություն լսելիս չեմ դադարում լցվել անասելի խորը երախտագիտությամբ բոլոր ժամանակների բոլոր ժանրերի երաժիշտների հանդեպ, որովհետեւ երաժշտությունն ինձ մի այլ ձեւի լիարժեքության զգացողություն է տալիս:

Այն համամարդկային է, մինչ օրս եղած թերեւս ամենալեզուն է, որով իրար կարող են հասկանալ բոլորը, որով կարող ենք խոսել մեր ամենահարազատ մարդկանց հետ, անգամ նրանց հետ, ովքեր երկրային կյանքում արդեն մեզ հետ չեն: Օրինակ՝ հայրիկիս հետ մտովի խոսելու իմ լեզուն Սթինգն է կամ Ռուբեն Հախվերդյանը, իսկ երբ ուզում եմ հիշել իրեն որեւէ ուրախ դրվագում, միացնում եմ Կարո Հայրապետյանի անմահական ջութակի կատարումները»:

Վիկտորյան պնդում է, որ երաժշտական կրթությունը յուրաքանչյուրի կյանքը հարստացնում է, սովորեցնում մի շարք կարեւոր հմտություններ, որոնք կարեւոր են նաեւ կառավարման եւ բիզնեսի մեջ։ Ցանկացած երաժիշտ կասի, որ երաժշտություն ուսանելը դաստիարակում է հետեւողականություն, համառություն, պատասխանատվություն, հետադարձ կապն ընդունելու ունակություն, ինքնաճանաչողություն։ Ասում է, որ եթե մարդը երբեւէ զբաղվել է երաժշտությամբ, ապա գիտի, թե ինչ է նշանակում լսել նոտան, ու հետեւաբար՝ ինչպես լսել դիմացինին։

Վիկտորյա Բաղդասարյանը Վիկտորյա Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս


«Մեր աշխատանքում հատկապես կարեւոր է դիմացինին լսելու ունակությունը: Պետք է կարողանանք լսել ոչ թե ուղղակի լսելու, տեղեկատվություն ստանալու կամ պատասխանելու համար, այլ լսել անգամ այն, ինչ ասված չէ:

Ըստ իս, երաժշտությունը մի չգերազանցված համակարգ է. նույն 7 նոտաների հետ խաղալով ու նրանց զանազան կերպ զգալով ու համադրելով՝ տարբեր մտքեր ու հույզեր արտահայտելու մոգական համակարգ: Երբեմն, երբ ինֆորմացիա եմ համակարգում իմ գլխում, հանկարծ հասկանում եմ, որ այն վերածում եմ նոտաների, հավաքում եմ ու դարձնում կարեւոր նյութ»։
 
Երեխաներս տարբեր են

«Աղջիկս իր նախասիրություններով նման է ինձ։ Շատ երաժշտական է, երգում է, պարում, նկարում, տարված է հագուստի մոդելավորմամբ»։

Վիկտորյայի տղան՝ 9-ամյա Տիգրանը ֆուտբոլի մոլի երկրպագու է եւ երիտասարդ ֆուտբոլիստ, հետաքրքրվում է ծրագրավորմամբ, զբաղվում է շախմատով, աշխարհագրություն է սիրում: Աղջիկը՝ Ալեքսան, 8 տարեկան է եւ դեռ կրկնում է մայրիկի ճանապարհը։

«Կարծում եմ, աղջիկս հաճույք է ստանում այն ամենից, ինչ անում է։ Ես չեմ փորձում միջամտել կամ ուղղություն ցույց տալ։ Եթե շարունակի այս ուղին, հրաշալի է, եթե ոչ, ապա վստահ եմ, որ հենց այնպես չէ այդ ճանապարհն անցնում։ Տղաս երաժշտությամբ չի զբաղվում, բայց շատ սիրում է։ Իմ երաժշտական ճաշակը հենց նա է ինձ հետ կիսում։ Հաճախ մտնում եմ տուն ու տղաս՝ տրամադրությունս հասկանալով, միանգամից իմ սիրած երաժշտությունն է միացնում։

Հաջողություններիս հետեւում ծնողներս են, ավելի ուշ շրջանում՝ նաեւ ամուսինս: Դրա համար այսօր, որպես ծնող, ամուսնուս հետ փորձում ենք լիարժեք ու իմաստալից ապրելու համար կարեւոր սկզբունքներ ձեւավորել նաեւ մեր երեխաների մոտ. ինքնուրույնություն սերմանել, քննադատական մտածողություն ձեւավորել, սովորացնել, թե ազատությունն ինչ է, որպեսզի մեր երեխաները հասկանան, որ այն որքան ընտրություն կատարելու հնարավորություն է, նույնքան էլ՝ այդ ընտրությունների համար պատասխանատվություն ստանձնել է նշանակում:

Երեխաներս շատ տարբեր են, ու երկուսից էլ ամեն օր այնքան բան եմ սովորում, ինձ վրա աշխատում եմ ու փորձում ավելի լավը դառնալ նախ եւ առաջ հենց նրանց համար»։

Աշխատանքից տուն
 
«Տարիների ընթացքում սովորել եմ, որ այն ամենը, ինչ ինձ հետ լինում է աշխատանքային օրվա ընթացքում, ինձ հետ տուն չեմ տանելու»։

Վիկտորյան պատմում է, որ երբ նոր էր սկսում մասնագիտական ուղին, շատ բաներ սրտին մոտ էր ընդունում, գերզգայուն էր։ Հիմա էլ, միայն թե տարիների ընթացքում սովորել է բալանսավորել զգացմունքները։

«Երբ զգացմունքներս ինձ հետ տուն էի տանում, տուժում էին հարազատներս։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ պետք է տարանջատել։ Միշտ չէ, որ ստացվում է, բայց փորձում եմ տանը համակարգիչ չմիացնել, որպեսզի այն քիչ ժամանակը, որ ընտանիքիս ու երեխաներիս հետ եմ անցկացնում, որակյալ ժամանակ լինի, մի նոր բան իմանանք միասին, նոր բան փորձենք»։

Հարցին, թե ինչպե՞ս է Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպության զարգացման տնօրենն ընդունում դժվար որոշումներ, Վիկտորյան ասում է, որ օգնում է անցած ճանապարհն ու հավատն առ այն, որ ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն բան ունի նպատակ ու իմաստ։

Խորապես հավատացած է, որ  չեն լինում վատ կամ սխալ որոշումներ, ինչ-որ որոշումներ տալիս են ակնկալվող արդյունքը, որոշներն էլ՝ սովորելու առիթ դառնում:

Օրինակ, բարդ որոշումների շարքից են ինչ-որ թիմակիցների հետ բաժանվելու որոշումները: Մյուս կողմից էլ՝ նման իրավիճակներ մղում են մարդուն դեպի ինքնաճանաչողություն:

Ինքնաճանաչողությունն էլ, ըստ էության, այն մասին է, թե որքան լավ գիտենք մեր սեփական «ես»-ը: Այն ինքնավերլուծություն է, որ օգնում է հասկանալ, թե որքան գիտակցված պատկերացում ունենք ինքներս մեր արժեքների, զգացմունքների, վարքագծի, ուժեղ եւ թույլ կողմերի մասին, որքան օբյեկտիվ ենք մեր մասին մեր գնահատականների մեջ, որքան սթափ ենք վերլուծում, թե ինչպես են մեզ վերաբերում շրջապատի մարդիկ եւ այլն: Դրա շնորհիվ է, որ կարողանում ենք կյանքում ակտիվ դեր ստանձնել, մեր կյանքի կառավարման վահանակը վերցնել ձեռքներս՝ փորձելով այս օրը նախորդից ավելի լավը դարձնել»։

 Ապագա թիմակիցների ընտրությունը

«Այսօր միջազգային միտումն այնպիսին է, որ մարդկային ռեսուրսների կառավարում եզրույթը վերակերպվում է ու անգամ շատ հաճախ վերանվանվում «Մարդիկ եւ մշակույթ» (People & Culture): Եվ ինձ դա շատ ավելի հոգեհարազատ է»։
 
Վիկտորյա Բաղդասարյանն այն կարծիքին է, որ «մարդկային ռեսուրսներ» ասելիս, մարդու անհատականությունն ու արժեքն ասես ընդհանրացվի ու խամրի: Մինչդեռ ցանկացած ընկերության հարստությունը հենց մեծ ռեսուրսներով ու ներուժով օժտված անհատների թիմ ունենալու մեջ է:

«Ապագա թիմակիցներ ընտրելիս իհարկե մեծ կարեւորություն է տրվում նրանց գիտելիքներին, մասնագիտական պատրաստվածությանը, փորձին ու հմտացած լինելու աստիճանին, բայց եւ մշտապես մտածում ես այն մասին, թե ինչպիսի՞ն ենք ուզում տեսնել ընկերությունը, ի՞նչ մշակութային օրակարգով եւ ի՞նչ արժեհամակարգով։

Մենք մեկս մյուսին թեւութիկունք ենք, մենք մեր գործի տերն ենք, մենք մարդիկ ենք, որոնք աշխատում են մարդկանց համար:

Ահա այս արժեքներին համապատասխան ենք ձգտում ընտրել նաեւ մեր ապագա թիմակիցներին: Մեր նորամուտի դասընթացների ժամանակ Ucom ընկերության արժեքների մասին պատմելիս հաճախ եմ ասում, որ, որպես կանոն, մարդիկ բաժանվում են համոզմունքների մակարդակում, սակայն արժեքների մակարդակում միավորվում են, եւ որ այս արժեհամակարգը որդեգրելով միայն կարող ենք լիարժեք U!թիմի անդամ լինել:

Նախաբանն այլ էր

«Իմ աշխատանքային ուղին սկսվել է կրթական ոլորտից՝ «Project Harmony» ընկերությունից։ Այն առաջինն էր, որ մեր դպրոցներին տրամադրեց համակարգչային կենտրոններ եւ ինտերնետ հասանելիություն»։

Պատմում է, որ մարդկանց հետ շփումը, հետադարձ կապ տալն ու ընդունելը, հասկանալը, թե ինչ հմտությունների կամ գիտելիքի կարիք ունեն ծրագրի շահառուները, մեծահասակների ու փոքրերի ուսուցման առանձնահատկությունները բացահայտելն ու վերապատրաստման մեջ կիրառելն  իր առաջին ծանոթությունն էր մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտության հետ:

«Այնուհետեւ հայտնվեցի հեռահաղորդակցության այն ժամանակ ամենախոշոր օպերատորի թիմում, որտեղ եւ լիարժեք կերպով սկսվեց իմ՝ մասնագիտությունը բացահայտելու, հաջողություններով ու վայրիվերումներով լի բազմամյա ճանապարհը, որի յուրաքանչյուր օր ինձ աճի ու զարգացման հնարավորություն տվեց, թույլ տվեց ինքնուրույն աշխատել, որոշումներ կայացնել ու պատասխանատվություն վերցնել դրանց համար, երբեմն էլ՝ սխալվել ու դրանից դասեր քաղել: Այն ինձ տվեց միջազգային փորձ, բազմազգ ու տարբեր ձեւով մտածող թիմակիցներ, տարատեսակ կարծիքներ լսելու եւ ընկալելու կարողություն: Սա մի արկածախնդիր ու անընդհատ աճի միտված բազմամյա ճանապարհորդություն էր, որի համար անասելի ու անվերջ շնորհակալ եմ:

Առհասարակ մեծ ընկերությունում (այսօր այդպիսին է նաեւ Ucom-ը) աշխատելու առավելությունն այն է, որ ելնելով աշխատանքի բազմապիսիությունից ու մասշտաբներից, շարունակ բազմաթիվ իրադարձություններ են  տեղի ունենում։ Այն, ինչ փոքր ընկերություններում կարող է  կատարվել տարիների ընթացքում, այստեղ շատ ավելի խտացված է տեղի ունենում: Դու կարող ես քեզ տարբեր տեղերում փորձել ու հասկանալ՝ ի վերջո ինչն է հետաքրքիր կամ թե ինչ է ստացվում»։

Ընկերությունում կան ստորաբաժանումներ, որտեղ հստակ կարող ես քարտեզագրել քո մասնագատիկան ուղին՝ կրտսեր մասնագետից մինչեւ թիմի ղեկավար եւ ավելին: Անցնելով այս բոլոր աստիճաններով՝ ամբողջական պատկերացում ես կազմում, թե ինչպես է աշխատում ողջ մեխանիզմը։

Վիկտորյան պատմում է, որ ցանկացած մասնագետի կայացման հարցում անգնահատելի է մենթորի, հետո էլ արդեն՝ քոուչի դերը: Ասում է, շատ կարեւոր է կյանքում այդպիսի մարդիկ ունենալ, որ ճիշտ հարցադրմամբ, մտքի գցելով, ժամանակին ներուժիդ ու կարողություններիդ հավատալով ու աջակցելով, թեւ տան ու հավատ ներշնչեն, երբեմն՝ պարզապես լսեն ու առաջ մղեն հերթական քայլը գցելու,  իսկ երբ պահը հասունանա, ասեն՝ քո ժամանակն է, դու կարող ես։
 
Ամենաբարդ որոշումներից մեկը
 
«Ucom գալու որոշումը բավականին էմոցիոնալ որոշում էր, հեշտ չեմ կայացրել: Այդ ժամանակ արդեն մի քանի տարի է, ինչ, ինքս ինձ մարտահրավեր նետելով, հայտնվել էի բոլորովին այլ ոլորտում: Այնտեղ արդեն հետաքրքիր ճանապարհ էի անցել, շատ բան արված էր, մի շարք օգտակար դրական փոփոխություններ՝ արդեն կատարված, շատ հարազատ ու արդեն կյանքի ընկերներ դարձած մարդիկ էի թողնում այնտեղ։ Բաժանվելը դժվար էր, Ucom-ում էլ՝ դեռ ծանր իրավիճակ:  Այնուամենայնիվ, ի վերջո, վերադարձա կապի եւ հեռահաղորդակցության ոլորտ»:
 
Ucom ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպության զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանն ասում է, որ Ucom որոշեց տեղափոխվել, որովհետեւ այն տարիների ընթացքում իր համար անչափ հոգեհարազատ դարձած հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություն էր։

Վիկտորյա Բաղդասարյանը Վիկտորյա Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս


«Ես կարծում եմ, որ հեռահաղորդակցությունն այն բացառիկ ու հատուկենտ ոլորտներից է, որն ունի չափազանց վեհ առաքելություն՝ մենք աշխատում ենք, որ մարդիկ կարողանան իրար հետ կապի մեջ լինել միշտ՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում, միավորվեն հետաքրքրությունների շուրջ, անսահման ռեսուրսների հասանելիություն ունենան ու ինքնակրթվեն, լինեն տեղեկացված: Սա իրապես գործունեություն է, որ ամեն տարիքի, սեռի, հետաքրքրությունների, զբաղվածության  մարդկանց մասին է, քանի որ մարդիկ իրար հետ շփման ու կապի մեջ լինելու կարիքը ունեն միշտ, ու հենց դրանով է, որ մարդ են: Մենք մարդկանց մատուցում ենք բազային կարիքները հոգալու համար ամենօրյա անհրաժեշտության ծառայություն։ Սա արժեքային համակարգ ունեցող ոլորտ է, եւ հենց այդ փաստն էլ ազդեց իմ որոշման վրա»։
 
Ucom-ի մարդիկ

«Ucom-ի թիմում շատ պայծառ անհատներ կան: Ucom-ը մարդիկ են, ովքեր հավատում են, որ կարող են ինչ-որ դրական  փոփոխություն, բարելավում բերել, անձնուրաց են, իրենց գործի նվիրյալ»։

Վստահ է, որ մարդն աշխատավայրում «սպառվում» է, երբ այլեւս չի հասկանում, թե ինչն ինչի համար է անում։

«Երբ մարդուն աշխատավայրում տալիս ես աշխատանքի նպատակ եւ իմաստ, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Նպատակ եւ իմաստ՝ սա է «դեղատոմսը»»։
 
Գրապահարանը

«Բոլոր ժամանակների իմ ամենասիրելի գիրքը «Փոքրիկ իշխանն» է, ինձ համար այն դասագիրք է՝ սիրո, ընկերության ու պատասխանատվության հիմնարար արժեքների մասին»։

Ալեքսան եւ Տիգրանը եւս ունեն մեկական նմուշ, յուրաքանչյուրն իր սեղանին։

«Իմ ինքնաճանաչողության վրա  մեծ հետք է թողել էքզիստենցիալիզմի եւ աբսուրդիզմի գրական ուղղությունը, սիրում եմ Ալբեր Քամյու, իր գրեթե բոլոր ստեղծագործություններն անչափ ազդեցիկ են, ինքնավերլուծությունը խթանող, սեփական «ես»-ի հետ ծանոթանալուն ու ընկերակցելուն միտված:  

Ինձ շատ է ոգեշնչում Սայմոն Սինեկը։ Մոտիվացնող է, ոգեւորող, իր բոլոր գրքերից արժեքավոր ուղերձներ եմ առանձնացնում ինձ համար, որոնք կիրառում եմ առօրյա կյանքիս բոլոր բնագավառներում։

Այս պահին ընթերցում եմ Այն Ռենդի՝ «Ատլանտը թոթվեց ուսերը»: Ուժեղ, էներգիայով լի, մոտիվացնող գրականություն է. չի տալիս պարզ լուծումներ, թե ինչ անել այս կամ այն իրավիճակում, բայց սովորեցնում է, որ անգամ երբ զգում ես, որ ամեն ինչ ավարտվել է, թեւաթափ լինելու եզրին ես, միեւնույն է չես հանձնվում, բացահայտում ես առաջ գնալու ուժը, երբ վերագտնում ես իմաստն ու նպատակը։

Այն իմ կյանքի կրեդոյին շատ համահունչ է՝ վաղն այսօրվանից մի քիչ ավելի լավը դառնալ, ձգտել թեկուզ փոքր անհատական ներդրումով վաղվա օրն ավելի լավը դարձնել եւ, որ ամենակարեւորն է, հավատալ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու»:

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի