Ավետ Մանուկյանը
Ավետ Մանուկյանը
00:06 | 13.12.21 | Հարցազրույցներ | exclusive 26305
COVID-19-ը նոր փոփոխությունների ալիք բերեց նաեւ տեխնոլոգիական աշխարհում: Շատ երկրներում գործում են թվային հարթակներ, բջջային հավելվածներ, որոնք COVID-19-ի հետ կապված ծառայություններ են մատուցում: Մեր երկիրը եւս բացառություն չէ. Armed EHealth բջջային հավելվածով կարողանում ենք տեսնել մեր պատվաստումների եւ թեստերի արդյունքները, QR կոդ ստանալ: Վերջերս պատվաստումների հավաստագրերը եւ գեներացված QR կոդերը ճանաչելի են դարձել նաեւ Եվրամիության տարածքում:
Armed EHealth բջջային հավելվածը մշակել եւ գործարկում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը նաեւ սպասարկում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը:
Հավելվածում կատարված թարմացումների, QR կոդերի գույների եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:
- Գրեթե մեկ ամիս է, ինչ Հայաստանը միացել է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, եւ պատվաստումների հավաստագրերը դարձել են փոխադարձ ճանաչելի: Ավելի պարզ ասած՝ տեղի է ունեցել QR կոդերի ինտեգրացիա եւ վալիդացիա: Այս ընթացքում արդյո՞ք կիրառության, փոխադարձ ճանաչելիության հետ կապված խնդիրներ արձանագրվել են:
- Ընթացքը բավականին սահուն է եղել, խնդիրներ չեն արձանագրվել, եթե չհաշվենք մեկ-երկու առանձին դեպք:
-Առողջապահության եւ արտաքին գործերի նախարարությունները հայտարարել էին, որ Եվրամիությունում հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում: Այսինքն, ստացվում է, որ ԵՄ-ի կողմից չընդունվող պատվաստանյութերով, օրինակ, Sputnik V-ով պատվաստվածների QR կոդերը ԵՄ երկրները չե՞ն ճանաչում:
- Armed Ehealth հավելվածում ամեն դեպքում ցանկացած պատվաստանյութի համար ԵՄ ձեւաչափով հավաստագիր եւ QR կոդ գեներացվում է, իսկ ճանաչել-չճանաչելն արդեն կախված է կոնկրետ երկրից: Բնականաբար, ԵՄ տարածք մուտքի համար պետք է հետեւել ԵՄ-ի պահանջներին եւ ընդունել առաջարկվող պատվաստանյութերը: Սակայն պետք է նշեմ, որ համավարակի հետ կապված քաղաքականությունը եւ կարգավորումներն անգամ ԵՄ անդամ տարբեր երկրներում կարող են տարբեր լինել: Այնպես որ, մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս, մինչեւ մեկնելը, պարտադիր ծանոթանալ տվյալ երկրի հակահամավարակային կանոններին եւ կարգավորումներին: Դրանք կարող են փոփոխվել՝ կախված նաեւ համավարակի տարածվածությունից, ի հայտ եկող շտամներից եւ այլ գործոններից:
-Հավելվածում QR կոդերի գույները տարբեր են: Կբացատրե՞ք, թե որը ինչ է նշանակում:
- Այս պահին COVID-ի հետ կապված QR կոդեր գեներացվում են երեք դեպքում: Առաջինը պատվաստումն է: Այստեղ ամեն ինչ պարզ է. պատվաստման դեպքում արտացոլվում է կանաչ QR կոդ, որը նշանակում է, որ սերտիֆիկատը վավեր է: Վավերականության ժամկետները սահմանված են իրավական ակտերով: Ծրագրային ապահովումն իրականացնելիս հիմք ենք ընդունում պետական լիազոր մարմինների կողմից հաստատված իրավական ակտերը եւ մեզ ներկայացված պահանջները:
Ինչ վերաբերում է թեստավորմանը, ապա այս դեպքում QR կոդերի գույները մի քանիսն են. կանաչ QR կոդը նշանակում է, որ թեստի պատասխանը բացասական է եւ թեստավորման պահից դեռ 72 ժամ չի անցել: Կարմիր QR կոդը ցույց է տալիս, որ թեստի պատասխանը դրական է, մոխրագույն QR կոդը նշանակում է, որ բացասական թեստի արդյունքի՝ սահմանված 72 ժամը լրացել է, իսկ սեւ QR կոդը զգուշացնում է, որ կապի խնդիր կա:
Բացի պատվաստման եւ թեստերի QR կոդերից, համակարգում առկա են նաեւ առողջացման փաստն արձանագրող QR կոդեր: Սրանք վերաբերում են վարակված եւ արդեն առողջացած քաղաքացիներին: «Առողջացում» դաշտում կանաչ QR կոդը նշանակում է, որ առողջացման սերտիֆիկատը վավեր է. այսինքն, ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 90 օր դեռ չի անցել, եւ քաղաքացուց այդ ընթացքում բացասական թեստի պատասխան չի պահանջվի: Մոխրագույն QR կոդը նշանակում է, որ սահմանված 90 օրն արդեն լրացել է:
- Ի՞նչ հաճախականությամբ է հավելվածը թարմացվում:
- Թարմացումներ պարբերաբար են լինում: Հակահամավարակային քաղաքականության հետ կապված պարբերաբար փոփոխություններ են տեղի ունենում, նոր որոշումներ են կայացվում եւ, ըստ նախարարության հաստատած ընթացակարգերի եւ ձեւերի, իրականացնում ենք ծրագրային ապահովումը:
Օրինակ, վերջերս հաստատվեց խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումների ուղեցույցը, եւ առաջիկայում հավելվածում համապատասխան թարմացումներ կկատարվեն: Նախատեսում ենք նաեւ հավելվածում ծանուցումների գաղափարը կիրառելի դարձնել: Արդյունքում, օրինակ, քաղաքացին ծանուցում կստանա պատվաստման երկրորդ դեղաչափն ընդունելու ժամկետների, կատարված հետազոտությունների (օրինակ՝ ԿՏ, ռենտգեն) արդյունքների պատրաստ լինելու եւ այլ դեպքերում:
Հակահամավարակային քաղաքականության փոփոխության հետեւանքով իրականացվող թարմացումներից բացի, մենք հաշվի ենք առնում նաեւ օգտատերերից ստացվող արձագանքները: Մի շարք թարմացումներ հավելվածում կատարվել են օգտատերերի կողմից բարձրացված լինելու արդյունքում: Փորձում ենք հավելվածը առավելագույնս մատչելի դարձնել հանրության տարբեր շերտերի համար:
Ավետ Մանուկյանը