Դեկտեմբերի 12-ին կայացած «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակչին Հայաստանի մարզերը ներկայացնող 46 թիմ է մասնակցել:
Մրցույթի ընթացքում երեխաների նախագծած ռոբոտների առաջ դրված են եղել տարաբնույթ խնդիրներ. արձագանքել գազի արտահոսքին, մարել բռնկված հրդեհը, դատարկել աղբարկղը, նկատել ճանապարհն անցնող անցորդին, կանգնել կամ շարժվել՝ կախված լուսաֆորի գույնից եւ այլն։
10-13 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» թիմը (մրցանակ՝ 250 000 դրամ), 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 350 000 դրամ)։ Հաղթող է ճանաչվել Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը (մրցանակ` 450 000 դրամ)։
14-17 տարեկան տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրել է Էջմիածնի «Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն»-ի թիմը (մրցանակ` 350 000 դրամ), 2-րդ տեղը՝ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 450 000 դրամ)։ Հաղթել է Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը (մրցանակ` 550 000 դրամ), որն ստացել է «ԱրմՌոբոտիքս» առաջնության փոխանցիկ գավաթը։
Հայաստանում ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը կազմակերպվում է 2008 թ.-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից: