10:59 | 19.11.21 | Նորություններ | 8551

Նախարարին անհանգստացնում է «Ռոստելեկոմ Արմենիայի» եւ Ucom-ի հնարավոր միացումը

Հայաստանի կառավարությանն անհանգստացնում է «Ռոստելեկոմ Արմենիայի» եւ Ucom-ի հնարավոր միացումը:

Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրերին» ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով «Ռոստելեկոմ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մասին Molitro Holdings Limited ընկերության հայտը:

Molitro Holdings Limited-ի բաժնետոմսերի 40 %-ը պատկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որն էլ, իր հերթին, պատկանում է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:

2017 թվականից Ucom օպերատորի բաժնետոմսերի 10%-ը պատկանում է «Տաշիր գրուպի» կազմի մեջ մտնող «Ֆորա-Բանկին»:

«Ըստ տրամաբանության՝ եթե «Ռոստելեկոմը» գնվում է այդ ընկերության կողմից, չի բացառվում, որ դա հենց «Յուքոմի» հետ դառնա մեկ ընկերություն, ու համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն, որ միասնական հանդես գան։ Այսպիսի մտավախություն կա»,- ասել է Վահագն Խաչատրյանը։