13:02 | 17.11.21 | Նորություններ | 8122

Դիլիջանում կհիմնվի «Սամսունգ»-ի իննովացիոն կամպուս

Հայաստանի Դիլիջան քաղաքում կհիմնադրվի «Սամսունգ» ընկերության իննովացիոն կամպուս։ Հայաստանի UWC Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնն ու «Սամսունգ» ընկերությունն այդ մասին համաձայնագիր են ստորագրել:

«Սամսունգ»-ի իննովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը եւ երեւակայությունը, այլ նաեւ պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձեւավորելու եւ երկրում իննովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում:
 
«Տնտեսության զարգացման համար կենսական դեր ունի տեխնոլոգիական առաջընթացը, ինչին էլ իր հերթին նպաստում է տաղանդների զարգացումը: Հանդիսանալով տեխնոլոգիական առաջատար՝ «Սամսունգ»-ն ունի անհրաժեշտ գիտելիք եւ ռեսուրսներ նշված առաջանցիկ նախագծի իրականացմանն իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում աջակցելու համար, իսկ UWC Դիլիջանը, որը սերտ ինտեգրվել է թե տեղական, թե տարածաշրջանի համայնքին, ունի անհրաժեշտ պայմաններ, օժանդակ կառույցներ եւ գործընկեր կազմակերպություններ նախագծի իրականացումն ապահովելու համար»,- ասվում է UWC Դիլիջան-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
«Սամսունգ»-ի իննովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը եւ հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների եւ առկա ձեւաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվեն 150 երեխաներ: Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին եւ կշարունակվի մինչեւ ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչեւ ամառ: