11:50 | 17.11.21 | Նորություններ | 1402

Արցախում տեխնոպարկ հիմնելու դրամահավաք-արշավ է մեկնարկել

Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում մեկնարկել է «Տեխնոպարկ Արցախում» դրամահավաքային արշավը, որն իրականացնում է Արցախում գործող «Ես» կրթական հիմնադրամը reArmenia հարթակում։

Արցախում մինիտեխնոպարկ հիմնելու նպատակն է տեղի երիտասարդներին հնարավորություն տալ` ստանալու համապարփակ ՏՏ կրթություն եւ հմտանալ ոլորտում՝ աշխատելով հենց իրենց գյուղերից:

«Ես» կրթական ծրագրի գործունեության 1,5 տարվա ընթացքում ծրագրին արդեն մասնակցել է 100-ից ավելի երիտասարդ Մարտունու շրջանի Հաղորտի, Մուշկապատ, Բերդաշեն եւ Խնուշինակ գյուղերից:

Նախագիծն առայժմ միակն է Արցախում, որն ապահովում է ՏՏ ամբողջ կրթական ցիկլը եւ պատրաստում է սկսնակ մասնագետների:

Ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝ «Բացահայտում», «Հմտացում» եւ «Սկսենք»:

- Առաջին փուլը տեւում է 1-2 տարի եւ օգնում է երեխաներին ծանոթանալ ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին եւ ստանալ նախնական գիտելիքներ։

- Երկրորդ փուլը, որի տեւողությունն է 1-3 տարի, պատրաստում է սկսնակ մասնագետների:

- Երրորդ փուլում դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն են ստանում՝ հիմնելու իրենց սեփական ընկերությունները:

Համապատասխան կենտրոնի բացակայության պատճառով ներկայումս կենտրոնի դասընթացներն անցկացվում են համայնքային տարբեր շենքերում։

Այս պահին շարժական կենտրոնում սովորում է 130 երեխա, որոնք պետք է շարունակեն իրենց ուսումնառությունը կենտրոնում: Իսկ տեխնոպարկ չունենալու դեպքում այս տարի ծրագրի առաջին փուլն ավարտող ավելի քան 30 ուսանող չի կարող շարունակել ուսումը։