13:41 | 15.11.21 | Նորություններ | 7369

Երեւանում կկայանա Silicon Mountains գագաթնաժողովը

Նոյեմբերի 19-ին Մատենադարանում կկայանա Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։

Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակներում կքննարկվեն խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության  թվայնացման հեռանկարները։
 
Գագաթնաժողովի հատուկ հյուրն է լինելու Սինոփսիս ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի  Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող  հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր առավել, քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը: