13:29 | 25.10.21 | Նորություններ | 6109
Բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի աջակցությամբ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող Իսկանդարյանների ընտանիքի 13 տարվա կիսակառույց երկուսենյականոց տունը առավել հարմարավետ դառնալու ճանապարհին է:
Տարիների գործընկերների համակարգված աշխատանքի շնորհիվ հերթական ընտանիքը պատրաստվում է մինչեւ տարեվերջ բնակարանամուտ նշել:
«Ձեզ համար կյանքի նոր էջ է բացվում: Փորձեք ամեն ինչ անել, որպեսզի կառուցվող պատերի հետ ամրանա նաեւ ձեր զավակների լավատեսությունը: Նրանց երիտասարդության տարիների հիշողությունը պետք է ավելի լուսավոր լինի: Գիտեմ, որ անտեսելով ձեր բարեկեցությունը, հոգացել եք երեխաների բարձրագույն կրթության մասին: Տան կառուցումը հետաձգել եք՝ նրանց ապագայի համար: Այժմ, այս ծրագրի շնորհիվ, կիրականացնեք նաեւ երկրորդ երազանքը՝ ամուր ու լուսավոր տուն կունենաք: Ձեր կողքին ենք՝ անկախ հեռավորությունից»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Դժվար է եղել. տարրական պայմաններ չեն եղել: Բոլորս ուզում էինք լավ տուն ունենալ: Հիմա արդեն կավելանա եւս երկու ննջասենյակ, կունենանք կոմունալ հարմարություններով ապահովված մեծ տուն»,- ասել է տանտիրուհին՝ Նելլի Ղազարյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են 2021թ. բնակարանաշինության ծրագիրը: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում առայժմ կամավորներ չեն ներգրավվում: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը ստիպում է զգուշավոր լինել: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետեւողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն: Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: