12:43 | 25.10.21 | Նորություններ | 1648

Տիգրան Խուդավերդյան. Նոր աշխարհում Հայաստանը կարող է շահել

Yandex ընկերության փոխտնօրեն Տիգրան Խուդավերդյանը կարծում է, որ նոր իրողությունները նաեւ նոր հնարավորություն են Հայաստանի համար։

Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովում»  «Ապագայի զրույցներ» խորագրի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քննարկում է ունեցել Տիգրան Խուդավերդյանի հետ։

Տիգրան Խուդավերդյանը նշել է, որ համավարակը, բազմաթիվ ցավալի հետեւանքներից բացի, նաեւ որոշակի փոփոխություններ է առաջացրել աշխարհում, եւ այս նոր իրողություններում Հայաստանը նույնպես կարող է շահել։

photo © ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Երկար տարիներ խոսվում էր այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը, հեռավար աշխատանքը։ Մենք 30 տարի առաջ դիտում էինք ամերիկյան ֆիլմերը վիրտուալ իրականության մասին, սակայն այդ ամենը մնում էր միայն մեր երազանքը։ Համավարակի պատճառով մարդկության վերաբերմունքը արմատապես փոխվեց թե' կրթական տեխնոլոգիաների, թե' հեռավար աշխատանքի հանդեպ։ Հայաստանը գտնվում է այնպիսի վայրում, որը տրանսպորտային եւ լոգիստիկ առումով դժվար հասանելի է։ Սա նշանակում է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ աշխարհի մասը, որտեղ ճանապարհները վիրտուալ են։ Եվ դա հնարավոր է համացանցային տեխնոլոգիաների միջոցով։ Սա նոր աշխարհ է, որտեղ Հայաստանը կարող է շահել», - ասել է Տիգրան Խուդավերդյանը:

Նրա դիտարկմամբ՝ նոր իրողությունները նաեւ նոր հնարավորություն են Հայաստանի համար։

«Հայաստանի նման ոչ մեծ երկրի համար բարդ է իրեն թույլ տալ ունենալ այնպիսի կրթական համակարգ, ինչպիսին ունեն զարգացած երկրները, քանի որ պետք է այստեղ հրավիրել ուսուցիչների, պրոֆեսորների, գիտնականների։ Դա թանկ է։ Սակայն եթե խոսում ենք մի աշխարհի մասին, որտեղ կարելի է կրթություն ստանալ՝ նստելով Հայաստանում, իսկ պրոֆեսորը կարող է գտնվել աշխարհի ցանկացած կետում, ապա նման աշխարհում Հայաստանում գտնվող մարդը հավասար պայմաններում է հայտնվում աշխարհի ցանկացած կետում գտնվող այլ մարդու հետ։ Կրթված մարդը պետք է հնարավորություն ստանա ունենալ աշխատանք, իսկ այսօր լավ աշխատանք ունենալու տարբերակներից մեկն արտագաղթն է։ Կորոնավիրուսն արեց այնպես, որ աշխարհի առաջատար ընկերություններն արմատապես փոխել են վերաբերմունքը մարդկանց հեռավար աշխատանքի ընդունելու հարցում։

photo © ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Այժմ մեր բոլոր գործընկեր ընկերությունները սկսել են հեռավար աշխատանքի ընդունել մարդկանց, քանի որ կան տեխնոլոգիաներ, որոնք հեռավար աշխատանքը դարձնում են ավելի հարմարավետ։ Բացի այդ, փոխվել է մարդկանց գիտակցությունը։

Սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից՝ պահպանելու ինքն իրեն, մյուս կողմից՝ հասանելիություն ստանալու այս ողջ համաշխարհային հարստությանը», - ասել է Տիգրան Խուդավերդյանը։