08:54 | 23.10.21 | Նորություններ | 1856

6 ընկերություններ մասնակցեցին ForMath մրցույթին

Picsart, Krisp, Armenian Code Academy, SoftConstruct, PMI եւ HiLearn ընկերությունները մասնակցել են «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի նախաձեռնած ForMath մաթեմատիկայի եւ տրամաբանության մրցույթին։

Հաղթող է ճանաչվել HiLearn ընկերությունը։

Մրցույթի նպատակը «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի մաթեմատիկայի հայալեզու նյութերը հարստացնելն ու դրանց անվճար հասանելիությունն ապահովելու համար ռեսուրսների հավաքագրումն է: Գրանցման փուլում ստացված անդամավճարներն ամբողջությամբ ուղղվելու են «Քան» ակադեմիայի հարթակում ավագ դպրոցի մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը հույս է հայտնել, որ նման կարեւոր գործի նվիրված նախաձեռնությունը շարունակականություն կստանա եւ կնպաստի կրթության հանդեպ նվիրվածությամբ առաջնորդվող մարդկանց համայնքի ձեւավորմանը։

Միջոցառումը հյուրընկալած PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանն էլ ասել է, որ բոլորի պարտքն է աջակցել նման կրթական նախաձեռնություններին ու այսկերպ ընդլայնել գիտակրթական գործիքները, իսկ յուրաքանչյուր մասնակից կազմակերպության համար սա նոր գործընկերային ցանցի մաս դառնալու հրաշալի հնարավորություն է։