16:48 | 16.09.21 | Նորություններ | 3811
«Առաջնորդության դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում:
Նա անդրադարձել է «առաջնորդություն» եւ «կառավարում» հասկացություններին եւ ապա՝ անցել գործարար կառավարման սկզբունքների ներկայացմանը՝ հիմնվելով անձնական փորձի վրա: Առաջնորդության ու կառավարման հիմնական սկզբունքներն ու գործիքակազմը Ռալֆ Յիրիկյանը հիմնականում ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողված գործունեության օրինակներով:
«Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայություններ մատուցող կենսունակ ու օրինակելի ընկերություն ստեղծելու հաջողված փորձը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ձեւավորել են մեծ փորձառություն, որը մենք վերածել ենք գիտելիքի եւ կիսում ենք ապագայի առաջնորդների հետ», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Ռալֆ Յիրիկյանը ուսանողների ուշադրությունը հրավիրել է սխալվելու բարձր հավանականության վրա՝ նշելով, որ ոչ մի դեպքում չպետք է վհատվել եւ որ սխալը սովորելու կարեւոր նախապայման է ու շատ հաճախ նաեւ՝ նոր հնարավորություն. «Սխալներից խուսափելու վախը հաճախ հանգեցնում է անվճռականության ու կամային որոշումներ կայացնելու անհնարինության, ղեկավար թիմին թույլ չի տալիս արագ գործել, իսկ անձնակազմին պահում է անորոշության մեջ: Առհասարակ, նորարար որեւիցե գաղափար իրագործելու ուղին հեշտ չէ ու ռիսկային է, եւ դա տնտեսական գործունեության օրինաչափություններից է: Սխալներ գործել են հաջողակ շատ գործարարներ՝ ողջ աշխարհում: Սակայն, միեւնույն ժամանակ, որպես որոշում կայացնող՝ կառավարիչը պետք է կարողանա ընդունել իր սխալը, չպետք է մեղադրի ուրիշներին ու պետք է կարողանա դասեր քաղել»:
Նա խոսել է նաեւ կառավարման համակարգերի շարունակական զարգացման մասին. «Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, եւ առաջինը լինելու համար կարեւոր է հասկանալ, թե որքանո՞վ է ընկերությունը համահունչ ժամանակի կարիքներին ու նոր միտումներին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար ներդրումներն ու նորագույն բարձր տեխնոլոգիական համակարգերն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Անհրաժեշտ է փոխակերպել կառավարման համակարգերը: Վիվա-ՄՏՍ-ում մենք իրականացնում ենք կառուցվածքային վերափոխումներ, աշխատում ենք «Agile» մեթոդաբանության ներդրման ուղղությամբ, ինչպես նաեւ արդիականացնում ենք գործառնական համակարգերը»:
Ռալֆ Յիրիկյանի կարծիքով՝ առաջնորդության կարեւոր հատկանիշ է նաեւ ճգնաժամային կառավարումը, արագ արձագանքումն ու հասանելիությունը. «Առաջնորդ դառնալու առաջին քայլերից է աշխատավայրում նախաձեռնող լինելը: Խուսափե՛ք «կոմֆորտի գոտում» գտնվելուց, ընտրե՛ք անկայուն իրավիճակներն ու միջավայրերը, չարչարվե՛ք, մտածե՛ք եւ լուծումներ փնտրե՛ք, տեսե՛ք այն բացերը, որ պետք է լրացնել: Նայե՛ք առաջ, հաշվարկե՛ք քայլերը: Սովորե՛ք լինել ռազմավար»:
Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: