15:25 | 15.09.21 | Նորություններ | 9396

Անվճար ՏՏ կրթություն՝ երիտասարդներին. Webb Fontaine-ի Sourcemind ծրագիրը

Webb Fontaine-ի նոր կրթական նախաձեռնությունը՝ Sourcemind-ը, առաջարկում է կրթական ծրագրեր այն երիտասարդներին, ովքեր ուզում են մուտք գործել ՏՏ ոլորտ։

Դասընթացներն անվճար են եւ հասանելի 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար։ Ծրագրի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին դառնալ ոլորտի մասնագետ։

Sourcemind-ի առաջին՝ «Back-End Software Engineering Pathway» թրեյնինգը մեկնարկել է 2021 թ.-ի հունիսին:

Թրեյնինգի առաջնային նպատակը ուսանողներին ծրագրավորման ֆունդամենտալ գիտելիքներ, առաջադեմ հմտություններ եւ գործնական փորձ տալն էր, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու եւ խոշոր ընկերություններում աշխատանքի անցնելու համար։


Առաջին երեք ամիսների ընթացքում մասնակիցները սովորել են ծրագրավորման հիմունքներ, ձեռք բերել գործնական փորձ ՝ աշխատելով իրական նախագծերի վրա: Ծրագիրը ներառել է դասախոսություններ, առաջադրանքներ եւ նախագծեր, գործնական ուսումնական ծրագիր, ինչպես նաեւ՝ հանդիպումներ հայտնի բանախոսների հետ: Առաջին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները շարունակում են խորացնել իրենց գիտելիքները «Back-End Software Engineering» ծրագրի շրջանակներում:
 
«Մեր հիմնական նպատակն է որակյալ կրթությունը դարձնել ավելի հասանելի՝ վերացնելով ֆինանսական խոչընդոտները եւ ընդունելության բարդ պայմանները։ Առաջին ծրագրի 5 ուսանող արդեն աշխատանքի առաջարկ է ստացել Webb Fontaine-ից եւ ՏՏ ոլորտի այլ կազմակերպություններից։ Հենց սա էլ մոտիվացնում է եւ հավաստում, որ մենք տալիս ենք որակյալ կրթություն՝ աշխատաշուկայում ուսանողներին դարձնելով մրցունակ։ Պատրաստվում ենք ընդլայնել մասնագիտացման ծրագրերի շրջանակը՝ ավելի շատ ուսանողների ներգրավելու համար»,- ասել է Sourcemind ծրագրի ղեկավար Կարինե Վարդազարյանը։

Sourcemind-ի հաջորդ ծրագիրը կմեկնարկի 2021 թվականի հոկտեմբերին եւ կպատրաստի AI/ML մասնագետներ: Առաջին փուլի ընթացքում դիմորդները պետք է լրացնեն հայտը եւ հանձնեն տրամաբանությունն ու մաթեմատիկայի հմտությունները ստուգող մասնագիտական թեստեր: Վերջին փուլը հարցազրույցն է, որի ընթացքում ուշադրություն է դարձվելու մասնակցի կոմունիկացիոն եւ թիմում աշխատելու հմտություններին։

photo © Webb Fontaine


Webb Fontaine ընկերության ՏՏ հետազոտության եւ զարգացման գծով տնօրեն Արա Շամիրզայանն ասել է, որ նախաձեռնությունը Webb Fontaine-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մի մասն է, որի հիմանական նպատակն է լուծել շուկայում առկա խնդիրը՝ լրացնել որակյալ կադրերի բացը։

«Մեր հաջողության հիմքը հենց մեր աշխատակիցներն են, ուստի այժմ մեր հերթն է ներդրում անել հենց ՏՏ համայնքի զարգացման մեջ՝ օգնելով երիտասարդներին ապագայում դառնալ տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ։ Այս նախաձեռնությունը կհանգեցնի երիտասարդների որակավորման բարձրացմանը, որոնք պատրաստ կլինեն աշխատանքի ընդունվել ՏՏ ընկերություններում եւ խնդիր չեն ունենա մասնագիտական, կոմունիկացիոն հմտությունների առումով: Մենք նպատակ ունենք հարթակ տրամադրել ավագ եւ կրտսեր մասնագետներին՝ համագործակցելու եւ միմյանցից սովորելու համար՝ միաժամանակ խթանելով կրթական մշակույթը եւ ստեղծելով առողջ միջավայր ընկերությունների ու մասնագետների համագործակցության համար»,- ասել է Արա Շամիրզայանը:

Sourcemind-ի դասախոսները տարբեր ընկերությունների առաջատար մասնագետներն են։ Նրանք օգնում են ուսանողներին ամբողջական պատկերացում կազմել, թե ինչպիսին է ոլորտը, ինչպիսին են այնտեղ աշխատող մարդիկ՝ նախքան աշխատանքի մտնելը։

Բացի վերապատրաստումից, Sourcemind-ը հանդիսանում է գաղափարների փոխանակման, նորարարությունների հարթակ: